չորեքշաբթի, 15 հունիսի 2011
Կարևորը ոչ թե թիվն է, այլ հաշվողը
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը հավատում է մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն մեր երկրում բնակվում է ոչ թե 3.2 մլն մարդ, ինչպես ներկայացնում են պաշտոնյաները, այլ 2.8 մլն («Առավոտ»): Ուստի դեսպանը զարմանում է, թե «ինչպե՞ս է ֆինանսների նախարարը կարողանում բյուջե կազմել` առանց հստակ վիճակագրության»: Զարմանքի առիթ է տվել նաև «Հրապարակը»` փորձելով «տրամաբանական շղթայով» կապել վարչապետ Տիգրան Սարգսյանի «Հայացք դեպի Ռուսաստան» համաժողովի ելույթի դրույթները և երևանյան տուրիստական ֆիրմայի գործունեության առանձնահատկությունները` «Շեստոյի» արկածները կամ դրվագներ ոստիկանապետության առօրյայից...»: Նույն` փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացման խոչընդոտներն է բացահայտում «Կապիտալը»` կոռուպցիայի բարձր մակարդակ, ազատ մրցակցային միջավայրի բացակայություն, ոչ մրցունակ ապրանք, տարածքների անհամաչափ զարգացում: Այս թերթը փոխանցում է նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի հերթական զեկույցի մանրամասները` «ՄՖԿ-ն գնահատել է հայաստանյան ստվերը. որքան մեծ է ընկերության հասույթը, այնքան նվազ է հարկման նպատակով այն թաքցնելու միտումը»:
«ՀԺ»-ն ներկայացնում է ընդդիմություն-իշխանություն երկխոսության իր տեսլականը` իշխանության թիմի կազմում տեղ տալով նաև ՀՀ վարչապետին:
Հրապարակումների «առյուծի բաժինը» հատկացվել է ԿԲ նախագահին և իր երեկվա ասուլիսին` «Դրամին թույլ չեն տա շատ ուժեղանա» («Հայոց աշխարհ»), «Գյուղատնտեսական վարկերի վերակառուցումը հնարավոր չէ» («Ազգ»), «Դրամը շարունակում է լողալ փրկօղակով» («Կապիտալ»), «Մեկ այլ Մյունհաուզեն» («ՀԺ»): «Ժամանակը» իր հոդվածը համեմել է Հրանտ Բագրատյանի ասույթներով` «դրամը սկզբունքորեն արժեզրկվում է ամեն օր», «դրամի փոխարժեքը պահող հիմնական գործոնը տրանսֆերտն է դարձել»: Եվ այլն: Ի դեպ, «Առավոտը» ԿԲ նախագահին հիշեցրել է, որ նա բանկի աշխատակցին վիրավորելու համար սպառնացել էր դատի տալ Հրանտ Բագրատյանին: Ջավադյանը դատարան չդիմելը հիմնավորել է իրենց «ինստիտուցիոնալ համբերությամբ», նաև նշել, որ համբերությունն էլ սահման ունի` «եթե որևէ շարունակություն ունենա` միանշանակ կգնանք դատարան»: