ուրբաթ, 17 հունիսի 2011
Քաղաքական կամքի խնդիրը
«Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է CNN հեռուստաընկերությամբ հեռարձակված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը հայտնի տնտեսական մեկնաբան Ջոն Դեֆթերիոսի հետ, ի մասնավորի ընդգծելով, որ երկրի տնտեսական առաջընթացի ապահովման առումով «արտահանման խթանումը դեռևս առաջնային նպատակ է»: Մի այլ հրապարակման մեջ թերթը տեղեկացրել է, որ Հանքավանում «Անի Ռեզորդ» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով «ժամեր առաջ էր վերադարձել Լոնդոնից»: CNN-ի հետ հարցազրույցը «Հայկական ժամանակը» որակել է «մազալու հարցազրույց», «Իրատես դե ֆակտոն» այն համարել «շատ հետաքրքիր»:
«Կատարյալ նոնսենս» է համարել «Ազգը» այն, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին վարչապետի առաջարկությանը պատասխանել է... Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյա Նովրուզ Մամեդովը: Թեմային անդրադարձել են նաև «Առավոտը» («Կցուցաբե՞րի Ադրբեջանը քաղաքական կամք. ՀՀ վարչապետը հույս ունի` այո») և «Երկիրը», որի կարծիքով «վարչապետի և արտգործնախարարի հայտարարությունները, ըստ էության, իրար հակասում են»:
«Հայոց աշխարհը» գրել է, որ գնաճը մեղմելու նպատակով ԿԲ կողմից իրականացվող փողի թանկացումը ոչ միայն չի հանգեցրել բանկերի վարկային տոկոսադրույքների բարձրացմանը, այլև ունեցել է հակառակ ազդեցություն»: «Կապիտալը» հավելել է, թե «դրամի արժևորման հարցում» ԿԲ «պահպանողական կեցվածքը» նպաստում է դրամի թուլացմանը, ինչն «ավելի վտանգավոր է», քանի որ դա դառնում է «գնաճի աղբյուր», ավելացնում է «բյուջեի բեռը» և պարունակում մի շարք ռիսկեր: