շաբաթ, 18 հունիսի 2011
Դոլարի և դրամի գիրկընդխառն մրցակցությունը
«Հայաստանի Հանրապետությունը» հավուր պատշաճի ներկայացրել է կառավարության երեկվա նիստում քննարկված հարցերը, ինչպես նաև կայացված որոշումներից ակնկալիքները. «բուժսպասարկման ոլորտում էական փոփոխություն է ակնկալվում», «ինչ վիճակ է մեր գիտության ոլորտում» և «ինչ կանենք մինչև 2015 թվականը», մատնադրոշմային գրանցման մասին օրինագծի վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեկնաբանությունները, հավելել, որ հավանություն է տվել ՀՀ և ԻԻՀ կառավարությունների միջև Մեղրի-Նովրուզ սահմանային անցակետի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի կնքման առաջարկին և այլն: Կառավարության նիստի մանրամասներին անդրադարձել են նաև «Կապիտալը» («Թվային ցուցանիշների շաբաթը») և «168 ժամը» («Արհեստական ինտելեկտ ստեղծելու ճանապարհին»): «Հայացքի» փոխանցմամբ երեկ կառավարությունում Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը տեղեկացրել է, որ «արդեն Հայաստանում են շտապօգնության չինական 88 նոր ավտոմեքենաները», մշակույթի նախարարը խուսափել է լրագրողների հարցերին պատասխանելուց: «Ժամանակը» և «Հրապարակը» շարունակել են մտորել վարչապետ Տիգրան Սարգսյանի` օրերս մեծ Բրիտանիա կատարած այցի շուրջը («Ինչ արժե արքայազն Չարլզի ժպիտը Տ. և Ս. Սարգսյանների համար» և «Մենք` պարապ, սփյուռքահայերն ու վարչապետը թունդ զբաղված»): «Հայկական ժամանակը» գրել է, որ «վերջին օրերին աշխարհում ԱՄՆ դոլարը արժևորվում է», մինչդեռ երեկ հայաստանյան «ֆոնդային բորսայում իրականացված գործարքների արդյունքում դրամը կրկին արժևորվել է դոլարի նկատմամբ», թեև նախօրեին ԿԲ նախագահ Ա.Ջավադյանը խոստացել էր, թերթի փոխանցմամբ`«չթողնել, որ դրամը ուժեղանա»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է անապահով ընտանիքների համար գազի սակագնի մասնակի սուբսիդավորման մասին կառավարության որոշմանը, նաև փորձել պարզել, թե դա «որքանով է դրական ազդեցություն ունեցել... անապահով ընտանիքների կյանքում»: «168 ժամը» «Վիրտուալ և իրական Հայաստան հրապարակման մեջ արձագանքել է մայրաքաղաքի ավտոբուսներում տեղադրված անվճար Wi Fi ինտերնետի վերաբերյալ տարածված լուրերին և հիշեցրել, որ Հայաստանը ըստ Սահմանադրության «սոցիալական պետություն» է: «Հայացքը» տեղեկացրել է, որ ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովը սուրճի շուկայում հայտնաբերել է Գերիշխող դիրքի չարաշահման փաստ և հարուցել վարչական վարույթ: