հինգշաբթի, 23 հունիսի 2011
Ինչո՞ւ է «աղմկում» Բագրատյանը
«Ազգը» նշելով, որ «հերթական անգամ ՀՀՇ-ական լրատվամիջոցները շրջանառության» մեջ են դրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի լուրը, ներկայացրել է դրա պատճառները, ի մասնավորի գրելով, որ «հրաժարականը երազելու» և «90-ականներին երկրի տնտեսության փլուզման հեղինակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի աբիժնիկության պատճառը» վարչապետի կողմից «կոնկրետ փոփոխություններ իրականացնելու... քաղաքականությունն է», ինչը փաստորեն զրկում է «ՀՀՇ-ին օգտվելու մարդկանց դժգոհությունը հարուցող գործոններից»: «Երկիրը» հակառակը, փոխանցել է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի տեսակետը, թե «Տիգրան Սարգսյանի կառավարությունը վաղուց սպառել է երկրի տնտեսության վրա իր ազդեցության լիմիտը», իսկ մի այլ հրապարակման մեջ ուղղակի գրել` «Բագրատյանը վարչապետին չի սիրում»: Կառավարության ու վարչապետի գործունեությանը, ինչպես նաև Հրանտ Բագրատյանի «հետվարչապետական գնահատումներին և որակավորումներին» անդրադարձել են նաև «Հետքը» («Թե ինչ եղավ, երբ Տիգրան Սարգսյանը դարձավ բնության պաշտպան»), «Առավոտը» («Կառավարությունը բռնաբարում է հանքերը»), «Ժամանակը» («Վարկերի սուբսիդավորում` կոռուպցիոն սխեմայով») և «Հրապարակը» («Բագրատյանն ի´նչ ասի Տիգրանին»), որում, ի դեպ, Հ. Բագրատյանը նաև հայտարարել է, թե «տնտեսական առումով ընդդիմությունը երկխոսելու բան չունի իշխանության հետ»: «Կապիտալի» տեղեկացմամբ «Տրանսպորտի և կապի նախարարության դանդաղկոտության պատճառով պետությունն արդեն կրում է վնասներ, որի չափը կազմում է 600 հազար ԱՄՆ դոլար: «Ժամանակի» հետ զրույցում Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն անդրադարձել է Մինաս Ավետիսյանի որմնանկարները Երևան տեղափոխելու հիմնախնդրին և հայտարարել, թե «Գյումրին դրել են ջարդած հեռուստացույցի տեղ»:
«Հայկական ժամանակը» ըստ յուրո մեկնաբանել է անշարժ գույքի շուկայի վերլուծությունը, որ երեկ հրապարակել էր ՀՀ անշարժ գույքի կադաստրի վարչությունը: «Հայոց աշխարհը» գրել է, որ խոշոր հարկատուների հաշվին պետական բյուջեի կուտակած գերավճարներն ապրիլին շոշափելիորեն նվազել են, նաև դժվարացել պատասխանել իր իսկ առաջադրած հարցին, թե խոշոր հարկատուների հաշվին հարկային մուտքերի ավելացումը որքանով է կապված «տնտեսության կենտրոնացվածության աստիճանի» հնարավոր բարձրացման հետ:
«168 ժամը» նշել, որ ՀՀ պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են, նաև հարցրել` «իսկ տնտեսությունը՞»: