հինգշաբթի, 30 հունիսի 2011
Մոնոպոլիաները և թոշակառուի «ճաշը»
Նախորդ օրը «168 ժամ» թերթում տպագրված հարցազրույցը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ և նրա գնահատականները իրենց անմիջական արձագանքն են գտել նաև մյուս լրատվամիջոցներում: Մասնավորապես արտագաղթի վերաբերյալ վարչապետի դիտարկումներին «ի յուրո» անդրադառնալով, «Առավոտը» գրել է. «Վարչապետի հանաքը դարձավ դանակ»: «Հայկական ժամանակը» դրանք որակել է «սկանդալային» և «արտառոց հայտարարություններ» ու այդ առիթով զրուցել ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի ու ՀՀԿ-ական խորհրդարանական Գալուստ Սահակյանի հետ: Նույն` «168 ժամը» շարունակել է հարցազրույցը` շտկելով նախորդ համարում տեղ գտած վրիպակը, նաև, մի այլ հրապարակման մեջ, իր հանգույն «հումորել», թե «շաբաթվա տնտեսական կարևորագույն իրադարձություններն էին ՀՀ վարչապետի հարցազրույցը մեր թերթին» և «սփյուռքահայ Վահագն Հովնանյանի ասուլիսը»: Սփյուռքահայ գործարարի և ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի` լրագրողների հետ հանդիպման մանրամասներին անդրադարձել են նաև «Ազգը» («Հայաստանին խանգարում են մենաշնորհներն ու մրցակցության սահմանափակումները»), «Երկիրը» («Ախ այդ մոնոպոլիաները» և «Ջունգլիի օրենքներով»), «Հրապարակը» («Պոչդ ուրիշի մի տար») և «Կապիտալը», որ փոխանցել է նաև Վահագն Հովնանյանի «խորհուրդը հայ գործարարին` աշխատել մաքուր և ճիշտ»:
«Հայկական ժամանակը» անդրադարձել է անցած տարվա արտաքին առևտրի վերաբերյալ ՀՀ ԱՎԾ երեկ հրապարակած տեղեկանքին: «Կապիտալը» քննության է առել պետպարտքի և դրամի փոխարժեքի հարաբերության հարցը` նաև նշելով, որ «Հայաստանի արտաքին պարտքի կայունությունը առավել զգայուն է արժույթի փոխարժեքի կտրուկ անկման նկատմամբ», և անդրադառնալով «լողացող տոկոսադրույքների» փոփոխությունների հնարավոր հետևանքներին: «Ժամանակը» նկատել է, որ արտաքին պետական պարտքի ցուցանիշները մեղմանում են, և թե դա «հնարավոր է դարձել ապահովել` նաև արտաքին վարկերի փոխարեն ներքին պարտքը մեծացնելու շնորհիվ»:
Ըստ «Հայոց աշխարհի» «տարադրամային ճնշումը մեծանում է, բայց ԿԲ չի շտապում մեղմել». թերթը նաև կանխատեսել է, թե «հազիվ թե երկար շարունակվի «ԿԲ-ի չեզոքությունը», մանավանդ եթե առաջիկայում «արժութային շուկայում ներկա միտումները խորանան»: «Կապիտալը» յուրօրինակ գնահատականներ է տվել կենսաթոշակային բարեփոխումների իրականացման նպատակով ընթացող գործընթացներին` «Թոշակառուի «ճաշը» կեփեն տարբեր «ամաններում»: