ուրբաթ, 1 հուլիսի 2011
Երբ գալիս է սեպտեմբերը
«Հայաստանի Հանրապետությունը» ըստ ամենայնի ներկայացրել է Վայոց ձորի մարզկենտրոնում երեկ կայացած կառավարության արտագնա նիստի մանրամասները, քննարկված հարցերի վերաբերյալ հանձնարարականները, մասնավորապես նշել, որ հավանության են արժանացել տարածքային զարգացման հայեցակարգն ու կառավարության պարտքի կառավարման 2012-14թթ. ռազմավարական ծրագիրը, ներկայացնելով նաև վերջինիս իրականացման գլխավոր ուղղությունները: «Առավոտը» փոխանցել է, որ «մարզում անցկացված հարցումների ժամանակ» բնակիչների արտահայտած դժգոհությունները քննության են առնվել կառավարության նիստում, և վարչապետ Տիգրան Սարգսյանը հիմնահարցերի կարգավորման նպատակով համապատասխան հանձնարարականներ է առաջադրել Էկոնոմիկայի, Առողջապահության, Կրթության և գիտության, Մշակույթի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին և վարչապետի վերահսկողության ծառայությանը: Թեմային անդրադարձել են նաև «Երկիրը» («SHARM-ի աչքը լույս») և «Կապիտալը» («Համահարթեցումը` առաջին պլանում»):
«Գնաճի մակարդակը սկսել է նվազել»,- գրում է «Հայոց աշխարհը», սակայն նկատում, որ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվող գնաճը հիմնականում պայմանավորված է վառելանյութի գների բարձրացմամբ: Մեկ այլ հրապարակման մեջ նույն թերթը նշում է, որ կառավարությունը օրեցօր թանկացող ապրանքներին հավելեց թանկացած ծառայությունների մի նոր փունջ. գազի գնին գումարվեց աղբի տեղափոխման, մետրոյի ուղեվարձի, ավտոկայանատեղերի վարձավճարների թանկացումը («Տարերայնորեն սոցիալական բունտ չի լինում»):
Գնաճի հարցում առավել խիստ է տրամադրված «Իրավունքը»` «Հունիսն էլ անցավ, իսկ գները դեռ թռչում են», անհանգստանալով, որ «հիմնականում շարունակում է թանկանալ սնունդը», «իսկ կառավարությունը ոգևորված է հունիսյան գնանկումով»: Վարորդների հոգսը թեթևացնելուն և «այսպես կոչված փսիխո» հանելու տեղեկանքի վարձը չգանձելու կառավարության որոշումը «Առավոտին» հետաքրքրել է 2 հակադիր առումով. նախ, որ փաստաթուղթը տրամադրողների բյուջեն կրճատվել է և ստիպված կադրերի կրճատում են անում, իսկ կառավարությունը չի պատրաստվում նրանց փոխհատուցել, սակայն, այդուհանդերձ, նարկոլոգիական հիվանդանոցի տնօրենը և գլխավոր հոգեբույժը գոհ են և ճիշտ են համարում կառավարության որոշումը («Մեծ գումարներ են կորցրել, բայց շատ էլ գոն են»):
«Նաիրիտը» մնաց առանց գլխավոր տնօրենի», տեղեկացնում է «Կապիտալը», մեկ այլ հրապարակմամբ արդյունաբերության թերզարգացման համար փրկարար օղակ դիտում հանքահումքային ճյուղը, որն ապահովում է արդյունաբերության արտադրանքի մեկ երրորդը («Մետաղները փրկում են, արդյունաբերությունը շարժվում է հին ճանապարհով»), «Հայկական ժամանակ»-ն էլ «Նաիրիտի» կառավարումը ստանձնելու համար հայտարարված մրցույթին հայտեր չներկայացնելու կապակցությամբ խորհուրդ է տալիս «կրկին փորձել»:
«168 ժամը» հունիսի 30-ի համարում շտկել է նախորդ համարում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հարցազրույցում տեղ գտած վրիպակը, սակայն «Իրավունքը» շարունակում է «զարմանալ», «Առավոտում» առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը քննադատում է կառավարությանը սոցիալ-տնտեսական վիճակի համար («Վարչապետն ու «կրիտիկական զանգվածը»), նույն թերթի խմբագիր Արամ Աբրահամյանն էլ վրիպակը կատակ է համարում, գտնելով, որ այս դեպքում «Կատակներն ավելորդ են»:
«Ո՞ւմ համար է ղողանջելու զանգը. ՀՀԿ»,- Հեմինգուեյի ոճով վերնագրի ներքո «Իրատես դե ֆակտոն» փորձում է կանխագուշակել քաղաքական առաջիկա զարգացումները:
Հայ ազգային կոնգրեսն էլ իր կանխատեսումներն է արել երեկվա միտինգում. «Ողջամիտ ժամկետը մինչև սեպտեմբերն է»: