շաբաթ, 2 հուլիսի 2011
«Ըսի-ըսավ»
ԱԺ խոսնակի և Երևանի տնտեսագիտական համալսարանի ուսանողների հունիսի 29-ի հանդիպման մասնակից ուսանողներից մեկը «168 ժամին» տեղեկացրել է, որ իբր խոսնակն «ակնհայտ դժգոհություն» է հայտնել կառավարությունից. «Ջերմուկն ուզում են Բադեն-Բադեն դարձնել, բայց դա ինչպե՞ս են անելու, երբ համապատասխան մասնագետներ չունեն»,- ասել է նա` երիտասարդներին խորհուրդ տալով կրթվել և լավ մասնագետ դառնալ, սակայն չլսելու է տվել ուսանողներից մեկի այն հարցը, թե` «... ասում էիք քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ»: «Հրապարակի» կարծիքով էլ «կարդալը, սովորելը խրախուսելու» տեսակետից ավելի նպատակահարմար էր, որպեսզի վարչապետը ՀՀ դատախազին գիրք նվիրեր, այլ ոչ թե զենք. «Բայց մեր իշխանության մեջ կարդալը մոդայիկ չէ, կրակելն է մոդայիկ»: «Ժամանակը» նույնպես հավանություն չի տալիս վարչապետի նվերին` «Աղվան Հովսեփյանին զինում են»:
«Հայացքը» փոխանցում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակցի դժգոհությունը, թե ծառայությունը չի կարողանում ԳՈՒՄ-ի շուկայի դիմաց վաճառվող մսամթերքի անվտանգությունն ապահովել, քանի որ վաճառակետերում ստուգում կատարելու թույլտվության դիմումը ՀՀ վարչապետին մնացել է անպատասխան:
Կառավարության նախաձեռնած «հարկային համաներումը», որն արդեն օրենքի ուժ է ստացել, երեկ մեկնաբանել է ՊԵԿ նախագահի տեղակալը` «Տնտեսավարողների համար հարկային արտոնություններ են սահմանվել, աշխատողին ժամանակ կտան, չաշխատողին` կլուծարեն» («Հայաստանի Հանրապետություն»), «Ներիր զմեզ զպարտիս մե՞ր...» («168 ժամ»):
«Ժամանակին» չի գոհացնում ՀՆԱ-ի «ընդամենը 1.2 տոկոս աճը. «Երկար սպասված ու «անհուսադրող» թիվ», իսկ «Երկրի» զրուցակիցներից Հրանտ Բագրատյանին` որ «բանկերը Հայաստանում շատ յուղոտ են ապրում: Պետք է վերջ տալ նրանց լկտիությանը»:
Նոր թափ է ստացել կառավարության տան թմբուկի կառուցումը թույլ չտալու շարժումը` «Փրկել Հանրապետության հրապարակը... Նարեկ Սարգսյանից» («Ազգ»), «Եվ նորից թամանյանական աշտարակը» («Հայոց աշխարհ»), «Ճարտարապետները պայքար են սկսել Նարեկ Սարգսյանի դեմ» («Հրապարակ»):
Կրկին մամուլում է արտագաղթի թեման: Այս անգամ դրա առիթը մի խումբ մտավորականների բաց նամակն է ՀՀ ԱԺ նախագահին և ՀՀ վարչապետին: Խնդրին անդրադարձել են գրեթե բոլոր թերթերը` «Ազգը» («Լուսավոր պատուհաններ»), «Ահազանգում են մտավորականները», «Արտագաղթ» («Երկիր»), «Այնքա՜ն ծիծաղելի է, որ լացդ է գալիս» («Հայացք»), «Արյունը կաթիլ-կաթիլ թափվում է» («Հրապարակ»): «Հայկական ժամանակը» ոչ միայն արծարծել է թեման` «Իրավիճակը կրիտիկական է», այլև առաջին էջում տպագրել «ՀՀ վարչապետի օգնական Արմեն Սինանյանի լուսանկարը, մի մարդ, ով մեկնել է ԱՄՆ, որոշել «մշտապես մնալ այնտեղ»: