շաբաթ, 9 հուլիսի 2011
Forbes-ը քիչ էր, հիմա էլ «ФБК»-ն
Այս վերլուծական կենտրոնը, որը ռուսական է, հրապարակել է «աշխարհի 101 երկրների «Առաջընթացի վարկանիշը», որի համաձայն Հայաստանն զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը» («Հայկական ժամանակ»): Եվ այլն:
Սակայն Forbes-ի «հաղթարշավը» հայրենի քաղաքական հարթակներով ոչ միայն շարունակվում է նույն թափով` «Կախվելու առաջարկ» («Երկիր»), այլև պարզվում է, որ երկրների ցուցակի Հայաստանի զբաղեցրած այդ անփառունակ հանգրվանը գուշակված էր վաղուց, օրինակ` Արծվիկ Մինասյանը «այս իրավիճակի մասին ժամանակին զգուշացրել է» («Անդունդի եզրին», «Հայացք»): Գիտակցելով խնդրի հույժ կարևորությունը, էկոնոմիկայի նախարարին նամակ է հղել Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ Ժյուլվեռն Չիբուխչյանը` «Ֆորբսը ինչ-որ բան հաստատ շփոթել է» («Հայոց աշխարհ»), իսկ «Գոլոս Արմենիին» փոխանցել է «Բիրժեվոյ լիդեր» կայքի տարակուսանքը` միտք ունի՞ արդյոք վստահել ամերիկյան Forbes-ի փորձագետներին: «168 ժամը» տեղյակ է, որ այս խնդիրը, ինչպես և արտագաղթի թեման նաև «ներիշխանական շրջանակների ամենաքննարկվող հարցերն են դարձել»: Սակայն ամեն բան ի վերջո հանգում է ամենակարևորին` ո՞վ է գլխավորելու ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը («Տիտանների» պատերազմը ՀՀԿ-ում»):
«Ժամանակը» ամփոփում է ՏՄՊՊՀ գործունեության վերջին շրջանի արդյունքները և արձանագրում, որ հանձնաժողովը պարապուրդի չի մատնված. «Այնուամենայնիվ, շաքարի շուկան շարունակում է պատկանել Սամվել Ալեքսանյանին, բենզինը` «Ֆլեշ»-ին, թռչնամիսը` Ռաֆիկ Սարգսյանին, դեղորայքը` Տիգրան Սարգսյանին և այլն»: Ի դեպ, «վարչապետի մերձավոր ընկեր և գործընկեր Բարսեղ Բեգլարյանի շնորհիվ, «Հրապարակի» կարծիքով, մեր կյանքը դառնում է ավելի «ուրախ». եթե Բելառուսում 1լիտր բենզինն արժե 0.8, Ղազախստանում` 0.5, Ուկրաինայում` 0.87, Բուլղարիայում` 1.2 դոլար, ապա Հայաստանում նույն այդ բենզինն արժե 1.35 դոլար:
«Գոլոս Արմենիին» հայտնի է դարձել, որ հարկայինի ներկայացուցիչներն այլևս չեն գործուղվելու խոշոր ձեռնարկություններ և որ կառավարությունը պետք է խոստովանի` այս ձեռնարկումը ևս ձախողվել է:
«Սզնի» դեղագործական ընկերության տնօրենը «Առավոտում» դժգոհում է, որ երկրում գործող մոտ 160 բուժհիմնարկներից շատ քչերն են համագործակցում փոքր կամ միջին դեղագործական ընկերությունների հետ և եզրակացնում` «Կառավարությունն է հովանավորում կոռուպցիան»:
«Հայոց աշխարհին» մտահոգում է արտագաղթի թեման, սակայն թերթը համոզված է, որ այդ խնդրում «Ինչ-որ «քայլերը» շատ քիչ է, հարկ է լուրջ քայլեր անել»:
Կադրային հարցն այսօր արծարծում են «Հրապարակը» և «Երկիրը», գրելով, որ իբր վարչապետը «տևական ժամանակ է», ինչ դժգոհություն ունի Լոռու մարզպետից, որը և շուտով կազատվի զբաղեցրած պաշտոնից: Ինքը` մարզպետը, ժխտում է լուրը` այն տեղավորելով «բանասիրության ոլորտում»: