երեքշաբթի, 12 հուլիսի 2011
Մարզպետի «բանասիրական» դեգերումները
Ընդամենը երեք օր առաջ ժխտելով իր մոտալուտ հրաժարականի լուրը, Լոռու մարզպետը այն դասել էր «բանասիրության ոլորտը»` հավանաբար նկատի առնելով դրա երևակայական, մտացածին լինելը, իմաստներ, որոնք անգամ հեռավոր առնչություն չունեն բանասիրության հետ: Ինչևէ: Որ մարզպետն իրոք հրաժեշտ է տալու զբաղեցրած պաշտոնին, հավաստում են «Երկիրը», «Հրապարակը», «Ժամանակը» և այլն:
«Ֆորբսի» թեման ոչ միայն շարունակվում է, այլև հարստանում նոր կռահումներով. «Նովոյե վրեմյան», հղում անելով ռուսաստանյան որոշ աղբյուրների, կասկած է հայտնում ամսագրի ցանկերի անաչառության առթիվ, «Դե ֆակտո իրատեսն» ու «Հրապարակը» «Ֆորբսի» հրապարակման հետևում տեսնում են «ներքին պատվիրատուի», իսկ «168 ժամը» մեջբերում է ավելի թարմ` ՄԱԿ-ի զեկույցը, որը ճիշտ է, «այնքան սուր անկյուններ չունի,... սակայն առավել փաստարկված է և հիմնավոր»:
Գյուղացիական տնտեսությունների վարկավորման թերություններն են մատնանշում և քննադատում «Իրավունքը» («Ո՞ւր են տանում Երևանում տրված գյուղվարկերի թելերը »), «Երկիրը» («Խոստումների և իրականության միջև»), «Ժամանակը» («Գնաճի պատճառները թաղված են ՀՀ տնտեսության օլիգարխիկ համակարգի մեջ»), իսկ «Առավոտն» արծարծում է արտագաղթի թեման` «Համաձայն են 55000 դրամ աշխատավարձ ստանալ և անասուն պահել, միայն թե ամեն գնով Հայաստանից գնան»: Տնտեսական և սոցիալական այս հարցերին և դրանց պատասխաններին «Գոլոս Արմենիի» խմբագրություն այցելած ժամանակ անդրադարձել է ՀՀ նախագահը` «Վստահության մթնոլորտը կայունության նշան է»:
Ահա մյուս հրապարակումների վերնագրերը. «Ժամանակն է դադարեցնել ՀԴՄ կտրոնների անիմաստ վիճակահանությունը («Ազգ»), «Հերթական «մեռելածին» օրենքը» («Հրապարակ». խոսքը «կաթնային ըմպելիք» սահմանող օրինագծի մասին է), «Անվան գաղտնիքը» («Առավոտ». «ՀՀ կառավարության նստավայրի գլխին թմբուկ կառուցելու» գաղափարի հեղինակը, թերթի կարծիքով, այդ համարձակությունն ունի` քանի որ «կյանքի առաջին 20-25 տարիներին եղել է Նապոլեոն Սարգսյան»: Նշվում է նաև նրա զբաղեցրած ներկա և նախկին պաշտոնների ստվար ցանկը, այդ թվում` «ՀՀ վարչապետի խորհրդական` քաղաքաշինության հարցերով»):