ուրբաթ, 15 հուլիսի 2011
Զեկույցների տեղատարափ
Մինչ «Ֆորբսի» քննարկումը մամուլում աստիճանաբար մարում է և չարաբաստիկ ցուցակը հիշատակում են միայն «Իրավունքը» («Ստացվում է, որ Forbes-ը մեր երկրի միակ քանդողն է») և «Հայաստանի զրուցակիցը» («Օլիգարխ» անունով մանկապարտեզ»), ի հայտ են գալիս նորանոր զեկույցներ: «Հայկական ժամանակը» արձանագրում է Արժույթի միջազգային հիմնադրամի` Հայաստանին վերաբերող վերջին զեկույցի «տխուր եզրահանգումը» աղքատության և հատկապես մանկական աղքատության և դրա հետևանքների վերաբերյալ: «Նախօրեին հրապարակված մի զեկույց» է հիշատակում «Ժամանակը», որին «բավական հետաքրքրական եզրահանգումների տեղիք են տվել» Հայաստանի «տնտեսական հրաշքի» տարիների իրական վիճակի վերաբերյալ: Իսկ ահա «Գառնի ինվեստ» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրեն Բագրատ Ասատրյանին տխուր եզրակացություն անելու համար ոչ մի զեկույց էլ հարկավոր չէ: Նրա կարծիքով, ըստ «Հրապարակի», «կառավարության տնտեսական քաղաքականությունը «յոլա տանող» է, իսկ Հայաստանի հարկային համակարգը` «միջնադարյան»: Չնայած դրան «կառավարության 90 տոկոսը նորմալ մարդիկ են», բայց «համակարգը հնարավորություն չի տալիս, որ նրանք իրենց կարողությունները դրսևորեն» («Դե ֆակտո իրատես»):
ԶԼՄ-ները հաղորդում են, որ Հրանտ Բագրատյանի վերաբերյալ կատարողական վարույթն ավարտվել է («Իրավունք», «Հրապարակ», «Առավոտ», «Երկիր»): «Ազգը» ասվածին հավելում է նախկին վարչապետի կանխատեսումների «պարզապես փուչ» լինելու հանգամանքը և այն, որ Հրանտ Բագրատյանը գործող վարչապետին սևացնելու պատճառներ ուներ դեռ 90-ականներից, երբ այն ժամանակվա ՀՀ նախագահն ընդունեց «ընդդիմադիր Տիգրան Սարգսյանի` հայկական դրամին անցնելու մոտեցումը, այլ ոչ թե Հրանտ Բագրատյանի պնդումը` մնալ միակ երկիրը, որտեղ պահպանվելու է սովետական ռուբլին»:
Մամուլում հանգամանորեն լուսաբանվել է կառավարության շենքի առջև կազմակերպված երեկվա բողոքի ակցիան` «Պահանջում են աշխատանք, հինգ տարվա չվճարված թոշակն ու օրինական երկիր» («Ազգ»), «Հանքերը հոշոտվում են» («Երկիր»), «Օլիգարխները խժռում են երկիրը» («Առավոտ»), «Բողոքի օր» («Հայացք»): Երկրի ընդերքի օգտագործման հիմնախնդրի յուրատեսակ ամփոփում է «Ռեսպուբլիկա Արմենիայի» հարցազրույցը էկոնոմիկայի նախարարի հետ:
Նոտարների չարչրկված թեման նորովի արծարծում է ստացել «Առավոտում»` «Նոտարներին սպառնում են ՀԴՄ-ներով»: Նույն թերթը տպագրել է ինֆորմացիայի ազատության կենտրոնի «փակ պաշտոնյաների սև ցուցակը», որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը: «Ժամանակն» անդրադառնում է «սոցապ նախարարի նախընտրական քեֆի» հետևանքներին և հաշվում, թե ինչ են արժեցել կառավարության նիստերի ժամանակ նախարարների օգտագործած նոութբուքերը:
«Դե ֆակտո իրատեսը» շարադրում է Լոռու մարզպետի պաշտոնանկության հանգամանքները` «1-0` հօգուտ վարչապետի», իսկ «Երկիրը» նոր մարզպետի թեկնածուներից շեշտելով մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի անունը, զգուշացնում է «մարզերի ոստիկանացումից»: