շաբաթ, 16 հուլիսի 2011
Հավի և հավկիթի առեղծվածը
ՀՀ վարչապետի` իր հայցապահանջից դեռևս ս.թ. հուլիսի 11-ին հրաժարվելու հանգամանքը և դրան հաջորդած ՀԱԿ ս.թ. հուլիսի 13-ի հայտարարությունը հակառակ հերթականությամբ դիտարկելու հետևանքով մի շարք թերթեր, այդ թվում «Հրապարակը», ենթադրում են, որ «այս անգամ էլ իշխանությունն ընդդիմությանը լսեց»: Մինչդեռ, օրինակ «Նովոյե վրեմյան», բացահայտում է այն պատճառները, որոնց հետևանքով Հրանտ Բագրատյանը «չի սիրում» Տիգրան Սարգսյանին: Խնդիրը նախկին վարչապետի սեփական բիզնեսն է, որին «կառավարությունը թույլ չի տալիս դուրս գալ օրենքի սահմաններից»: Այս նրբությունները շատ լավ պատկերացրել է նաև Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակը` նամակ հղելով Հրանտ Բագրատյանին` «Հանճարեղ ներկայացում, փայլուն դերասաններ» («Հայոց աշխարհ»):
«ՀՀ»-ն լուսաբանել է վարչապետի այցելությունը «Սպայկա» ընկերություն` «Արտահանումը խթանում է գյուղատնտեսության զարգացումը», «Առավոտը» ներկայացրել ՀՀ կառավարության և բնապահպանների համագործակցության ևս մեկ օրինակ` «Կառավարությունը լսեց բնապահպանների ահազանգը` որոշումը կայացված է ի նպաստ բնության պահպանության», «Ազգը» անդրադարձել միջնաժամկետ ծախսային ծրագրի մանրամասներին` «Երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում 2014-ից կտրվի 1 մլն դրամ»:
«Հայոց աշխարհն» արձանագրում է «գնաճի նախատեսված ցուցանիշի ապահովման առումով կենտրոնական բանկի լավատեսությունը խամրելու» իրողությունը, «ՀԺ»-ն ԿԲ-ն ընդհանրապես համարում է «պետությանը ամենաշատ վնասը տված կազմակերպությունը» ` «Ընկել են Դիլիջանի ջանին», ինչպես նաև հիմնովին քննադատում ԿԲ-ին և կառավարությանը` «Փոխարժեքը և քաղաքականությունը»:
Չարաբաստիկ «Ֆորբսը» շարունակում է զբաղեցնել փորձագետների և լրագրողների միտքը: Նույնիսկ Արա Նռանյանի կարծիքով «Հայաստանը ոչ երկրորդ, ոչ էլ տասներորդ վատագույն տնտեսությունն ունեցող երկիրը չէ» («Առավոտ»), իսկ «Տնտեսություն և արժեքներ» կենտրոնն ընդհանրապես վիճարկելի է համարում «Ֆորբսի» գնահատականը («168 ժամ»):