չորեքշաբթի, 20 հուլիսի 2011
«Ականջդ բեր` ասեմ...»-2
Իբր երկրորդ նախագահը «իր շրջապատի ականջին» ինչ-որ բան է շշնջալու, իսկ թե ինչ` հայտնի է «Իրավունք-հետաքննությանը», որի տվյալներով մոտ ժամանակներս կամ Ծաղկաձորում , կամ Ջերմուկում Ռ.Քոչարյանը մտադիր է «մի նոր հավաք կազմակերպել, որին պետք է ներկա գտնվեն իր օրոք ծնված ու մեծացած օլիգարխներն ու քաղաքական գործիչները»: Իբր «կուսակցականների արտահոսք կա ինչպես ՀՀԿ-ից, այնպես էլ ՀԱԿ-ից: ՀՀԿ-ն լքում են նրանք, «ում «բարձրանալու» հնարավորություն չի տրվել», ՀԱԿ-ը` «հեղափոխական» թևի ներկայացուցիչները, ովքեր դեմ էին իշխանության հետ երկխոսությանը»:
«Առավոտն» անդրադառնում է ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքին: Այսօրվա հրապարակումը նվիրված է նոտարական համակարգի բարեփոխմանը, մի ոլորտ, որտեղ «դրական տեղաշարժն արդեն ակնհայտ է, մնում է ապահովել դրա շարունակականությունը»: Իսկ ահա «Հայացքի» կարծիքով կառավարության որոշմամբ տրամադրվող «արտոնյալ գյուղվարկերը հանրապետության սահմանամերձ բնակավայրեր չեն հասել»` «Ո՞վ է հարստանում գյուղվարկերի հաշվին»: Վիճակը բարվոք չէ պետբյուջեի միջոցներով իրականացվող շինարարության ոլորտում, որտեղ, ըստ «ՀԺ»-ի, «հաղթում են «կռիշ» ունեցող կամ տարբեր պաշտոնյաներին պատկանող ընկերությունները` «Օտար էս` սնանկացիր»: Մի քանի միջազգային և տեղական զեկույցների համադրմամբ «Իրավունք-հետաքննությունն» արձանագրում է, որ «աղքատության մակարդակը գնալով աճում է»:
Պակաս կնճռոտ խնդիրներ չունի նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, որի տնօրենի երեկվա ասուլիսը մեծ արձագանք է ստացել` «Հիմնական խնդիրը ապօրինի ծառահատումն է» («Հայոց աշխարհ»), «Հայաստանը դեռևս Սահարա չէ, սակայն անապատացման վտանգը չի մեղմանում» («Ազգ»), «Անտառ, համբերիր, գարուն կգա» («Երկիր»), «Պետբյուջեի գումարները թանկարժեք մեքենաների համար են, անտառի փրկության համար գումար չկա» («Հայացք»):
«Հայացքը» նաև բլից-հարցում է անցկացրել` «Որո՞նք են Հայաստանի տնտեսական հետընթացի պատճառները»: Պատասխանող 832 երևանցիներից 311-ը նշել է կոռուպցիան, 246-ը` մենաշնորհը, 183-ը` կառավարության վատ աշխատանքը: