ուրբաթ, 22 հուլիսի 2011
«Կասկածում եմ, ուրեմն` ապրում եմ»
Մինչդեռ «Առավոտը» չի կասկածում, որ իր հրապարակման վերաբերյալ վարչապետի հանձնարարությամբ ՊԵԿ ղեկավարության կողմից անցկացվելիք ծառայողական քննության արդյունքում պարզվելու է, որ «ՊԵԿ աշխատակիցը 100 տոկոսով ճիշտ է, իսկ հարկատուն 100 տոկոսով սխալ է»: Թերթը ներկայացնում է կառավարության երեկվա նիստի այլ մանրամասներ ևս, մասնավորապես` ճանապարհային ոստիկանության գործունեության բարեփոխմանն ուղղված հերթական քայլը: Կառավարության ընդունած որոշումների կատարմանը նվիրված այսօրվա հրապարակումը նույնպես այդ թեմայով է` «Վարորդական վկայականի ստացումը հեշտացել է. ինչ է դա նշանակում»: Իսկ ահա «Երկիրը» խիստ կասկածում է, որ ճանապարհային ոստիկանությունը երբևէ ավելի լավ կաշխատի` «Միշտ բարեփոխվող, բայց չփոխվող համակարգ»: Այս թերթը («Չտեսնելու և չխոսելու քաղաքականությունը»), ինչպես նաև «Հայաստանի զրուցակիցը» («Արդյո՞ք նախագահի հանձնարարականը կատարվում է») նույն օրն ու նույն ժամին վերհիշել են ս.թ. մարտի 11-ի տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին նվիրված խորհրդակցությունը և հանգել նույն եզրակացությանը` դրական ոչ մի տեղաշարժ չկա: «ՀԺ»-ն նույնիսկ «սև-սև» օրեր է գուշակում, քանի որ իմացել է, որ ֆինանսների նախարարության «իջեցրած բանավոր շրջաբերականի համաձայն» բոլոր բյուջետային հիմնարկներն իրենց ծախսը «կտրուկ կրճատելու են», մանավանդ, որ ԱՎԾ վերջին «անակնկալը»` տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպի քառակի նվազումը, արդեն իսկ «ցնցել էր հայ տնտեսագիտական հանրությանը»: Ընդհանուր առմամբ տխուր տոնայնությամբ են տնտեսության վիճակը բնութագրում «Հայոց աշխարհը» («Հայաստանում վարձատրությունը ցածր է»), «Ժամանակը» («Արդյունաբերության աճը կեղծ է, շինարարության անկումը` բնական»), «Իրավունքը» («Երեկ լավ էր, քան թե էսօր»), իսկ «Դելովոյ էքսպրեսը» պարզապես հուսահատեցնում է ընթերցողին` «Գյուղատնտեսությունը տառացիորեն հոգեվարք է ապրում»:
Պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, պատասխանելով «Հայաստանի զրուցակցի» և «Հայացքի» հարցերին, «Դե ֆակտո իրատեսի» էջերում դիմել է «բաց նամակի» ժանրին: Նամակը հասցեագրված է ՀՀ վարչապետին, թեման երկրի հելիոֆիկացումն է, որի ջատագով, նույնպես պրոֆեսոր Վահան Համազասպյանը հրապարակման համահեղինակն է` «Իշխանության միջին օղակներում թաղվում են բոլոր գաղափարներն ու ծրագրերը»: Այնուամենայնիվ, այս թերթը ընթերցողի մեջ դրական զգացում հարուցող նյութ էլ ունի, որի խորագիրն է «Հետևողական աշխատանքի արդյունքը», վերնագիրը` «Փաստում են ոչ միայն թվերը». ամփոփվել են առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնք հաջողվել են, ինչը «պայմանավորված է ամենից առաջ նախարարի հետևողական աշխատանքով»: