հինգշաբթի, 28 հուլիսի 2011
Բարեփոխումների ժամանակը
«Հայաստանի Հանրապետությունը» հրապարակել է ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդրանիկ նիստի վերաբերյալ տեղեկատվությունը, նաև, մի այլ հրապարակման մեջ, ներկայացրել, թե «ինչ խնդիրներ ունեն ՓՄՁ-ները»: «Ազգը» անդրադարձել է նիստին հաջորդած մամուլի ասուլիսի մանրամասներին, հատկապես կարևորելով, որ խորհրդի գործունեությունը լինելու է թափանցիկ, և «բոլորը կարող են տեսնել, թե ներկայացված հարցերը լուծման ո՞ր փուլում են»:
«Բյուջեն թերակատարվել է», հայտարարել է «Հայոց աշխարհը» և հավելել` «հիմնականում ծախսերի հաշվին»: «Հրապարակը» հարցրել է` «Աշնանը ԱԺ-ն կլուծարվի՞», ապա նաև փոխանցել իր «որոշ աղբյուրների» տեղեկությունը, որ ՀՀԿ համամասնական ցուցակը «ղեկավարելու է Տիգրան Սարգսյանը` իր թիմով»:
Ըստ «Երկրի» ՏՄՊՊ հանձնաժողովը օրենքի խախտումներ է բացահայտել Արմավիրի վաճառակետերում: Մի այլ հրապարակման մեջ պարբերականը գրել է, թե «բնապահպաններն անգամ արդեն սկսել են անհանգստանալ արտագաղթով» և ներկայացրել բնապահպան Կարինե Դանիելյանի վերջին չորս ամիսների ուսումնասիրության արդյունքները:
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Հրանտ Բագրատյանի մտքի թռիչքներին և դիտարկումներին անդրադարձել են «Առավոտը», «Ժամանակը» և «Հայացքը»: «Երկիրը» հավելել է, որ Բագրատյանի հայտարարությունների առիթով, իրենց հարցմանն ի պատասխան, ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը նշել է, որ «իրենք Բագրատյանի ասածները չեն մեկնաբանում» և դա նաև` «հետայսու»: «Հայկական ժամանակը» ահազանգել է, թե առաջիկա օրը Երևանում կարող է գրանցվել 40 աստիճան տաքություն: