ուրբաթ, 12 օգոստոսի 2011
«Հույսը վերջինն է մեռնում»
«Հրապարակը» հետ է գնացել մինչև անցած ձմեռ և հրապարակել կոալիցիոն հուշագրի ստորագրման նոր մանրամասներ. իբր ԲՀԿ ղեկավարի ստորագրությունը «կորզել» է ԱԺ նախագահը՝ հույս ունենալով ոչ միայն ապացուցել իր նվիրվածությունը ՀՀ նախագահին, այլև զբաղեցնել վարչապետի աթոռը։ Մեր օրերի ինտրիգը, ըստ «Իրավունքի», վարչապետի աթոռը քաղաքապետին հանձնելն է, ինչի հավանականության վերաբերյալ թերթը հարց է ուղղել Սամվել Նիկոյանին։ Վերջինս հիշեցնում է, որ Անդրանիկ Մարգարյանին վարչապետ նշանակելու օրից ի վեր ասվում էր, որ պիտի հեռանա, բայց ամենաերկարն աշխատեց. «Հիմա ո՞վ կլինի հաջորդ վարչապետը, կերևա խորհրդարանական ընտրությունից հետո»։
Մեր հանրությանը կարծես թե մշտապես ուղեկցում են ճակատագրական հարցերը, այս անգամ՝ կրպակներն ապամոնտաժե՞լ թե՞ ոչ։ Հատկապես եռանդուն է «Հրապարակը» («Վարչապետ և քաղաքապետ, ապամոնտաժումն սկսեք ձեր և ձեր շրջապատի օբյեկտներից», «Բելի Կարենը» ստում է, իսկ վարչապետը քնած է «ալպիական մանուշակի առէջում», «Քսան հազար մարդ մնում է առանց ապրուստի»), որին հաջորդում են «Իրավունքը» («Մանր զոռբաներին պատժելը գործի փոքր մասն է միայն»), «Առավոտը» («Վարչապետն ու «Ժառանգությունը» քննարկել են կրպակների հարցը», «Ներում-բեկում չկա»)։ «ՀԺ»-ի հարցազրույցը եզակի է թե՛ թերթը, թե՛ միջին օղակի մեր չինովնիկներին բնութագրելու իմաստով՝ «Ո՞վ է ասում չունի դիպլոմ. կորցրել է»։ Եվ իհարկե, կրպակների ապամոնտաժումը «միջին դաս կազմող կամ անհատական աշխատանքով գոյատևող սոցիալական խմբերի դեմ վարչախմբի արշավանք» է որակում ՀԱԿ-ը, որի մյուս փաստաթուղթը՝ «Հիմնավորումը» շարունակում է տպագրել «ՀԺ»-ն։
Երկրի առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկի հրապարակման առիթով «Իրավունքն» անդրադառնում է «մետաղական հանքարդյունաբերության» ոլորտին՝ «Բա ո՞ւր են խոստացված զարգացումները», իսկ «Առավոտը» լուսաբանում է գործարարի իրավունքները ոտնահարելու ևս մի դեպք. «Բիզնեսմենին գցել են «սև ցուցակ»՝ իրենց չխանգարելու համար. պարզ օրինակ, թե ինչպես են պետական պաշտոնյաները, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, սեփական բիզնեսն առաջ տանում, իսկ հասարակ տնտեսվարողներին սնանկացնում»։