չորեքշաբթի, 17 օգոստոսի 2011
Երբ ակնոցը սեփ-սև է
IREX միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Եվրոպայում և Եվրասիայում անկախ մամուլի կայուն զարգացումը» հետազոտությունը, որի 12 էջերը նվիրված են Հայաստանին։ Պարզվել է, որ Հայաստանն իր ստացած 2,09 բալով լավագույնն է Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների թվում։ Ընթերցողին տալով այս տեղեկությունը, «Առավոտն» իսկույն փոխանցում է նաև իր կասկածը՝ մի՞թե մեր երկիրը կարող էր նման ցուցանիշ ունենալ։ Իհարկե, ոչ։ Այ, եթե Մադագասկարի հարևանությամբ տեղ գրավեր, էլի ճշմարտանման կլիներ։ Եվ հոդվածագիրը վերը նշված 12 էջից ճգնում է քամել բոլոր բացասական օրինակներն ու հետևությունները, որոնք նույնպես տեղ են գտել հետազոտության մեջ, որպեսզի ընթերցողին «ճիշտ» ուղու վրա դնի կամ գոնե համոզի, որ IREX-ի պնդումները հակասական են, և Հայաստանը դժվար թե այդ ոլորտում տարածաշրջանի առաջատար պետությունը լինի։ Եվ այլն։
Մինչ այդ շարունակվում է «կրպակապատումը»՝ «Քաղաքապետի drive-ը հասավ կրպակատերերին. անգործ քաղաքացինեի թիվը գերազանցում է 3000-ը» («Ազգ»), «Վարչապետի ասածը մեր համար հեչ», «Նախագա՞հն է ապամոնտաժում», «Եկեք այս կրպակն ապամոնտաժեք» («Հրապարակ»)։
Ստուգելով, թե կատարվո՞ւմ է արդյոք խոշոր բիզնեսն հարկային դաշտ բերելու կառավարության խոստումը, «Հայկական ժամանակը» հանգում է այն եզրակացության, որ, ընդհակառակը, խոշոր գործարարները զգալիորեն նվազեցրել են իրենց վճարած հարկերի չափը։ Օրինակ՝ «Ապեյրոն» ընկերությունը, «որը համառորեն կապվում է հենց ՊԵԿ նախագահի անվան հետ» մեկ տարում 30 տոկոսով պակաս հարկ է վճարել։ ՊԵԿ նախագահի անունը շոշափվում է նաև «Հրապարակի» «Կարգո Կառլենն ու մյուսները թքած ունեն ՏՄՊՊՀ-ի և բոլորիս վրա» հոդվածում. «Ո՞վ չգիտի, որ Կարգոյի մեջքին անձամբ ՊԵԿ նախագահն է կանգնած»։
«Առավոտի» հոդվածներից մեկում պատմվում է Երևանում արտադրվող բարձրորակ և էժան լուսադիոդային լամպերի մասին, որոնք, սակայն, կամայականորեն չեն օգտագործվում. «Ո՞վ ասաց, որ մրցունակ արտադրանք չունենք. կառավարությունն ամեն օր ասում է, թե տեղական արտադրողի թիկունքին կանգնած է, բայց իրականում կանգնում է արտադրողի կոկորդին»։ «Հրապարակի» դիտարկմամբ «այս տարվա սննդամթերքի գների աճը խփում է բոլոր ռեկորդները»։ Այժմ էլ ահա գյուղացիական տնտեսություններն, ըստ թերթի, «զգալիորեն ավելացրել են կաթի մթերման գները»։
«ՀԺ-ն» շարունակում և չի ավարտում ՀԱԿ հիմնավորման տպագրությունը։ Փաստաթղթի այս հատվածի ենթավերնագրերն են՝ «Պետական միջոցների յուրացում և վատնում», «Պետական իշխանության և բիզնեսի սերտաճում», «Մենաշնորհներ» և այլն։