երեքշաբթի, 23 օգոստոսի 2011
Մամուլի անպատմելի հրճվանքը
Նման զգացում է առաջացնում որևէ պաշտոնյայի, ցանկալի է` խոշոր տրամաչափի, հրաժարականը կամ գոնե հրաժարականի լուրը: Եվ ահա, «ՀԺ»-ի տեղեկությամբ աշխատանքից ազատվելու դիմում է գրել ՊԵԿ նախագահը: Թվում է` լուրը ճշտելու, վերաճշտելու, երանելի մանրամասներին հաղորդակից դառնալու մղումով գործի է անցել ամբողջ խմբագրակազմը: Ի վերջո պարզվել է, որ ՊԵԿ-ում երեկ իրոք «խորհրդավոր մթնոլորտ էր տիրում, ղեկավար կազմը փակվել էր կաբինետներում, իսկ քարտուղարուհիները իրար ինչ-որ կարևոր լուրեր էին փոխանցում»: Մի խոսքով, հաճույքը լիակատար էր:
Մինչ այդ մյուս լրատվամիջոցները քննարկում-վերլուծում են վիճծառայության հրապարակած հուլիս ամսվա ցուցանիշները. «Տնտեսական ակտիվությունն աճել է 7 տոկոսով» («Ազգ»), «Տնտեսական ակտիվությունը վերականգնվում է» («Հայոց աշխարհ»), «Մեկ քայլ առաջ, երեք քայլ հետ...» («Իրավունք»): «Հայոց աշխարհն» ու «Գոլոս Արմենիին» մտահոգված են, որ այս տարվա ընթացքում արտադրանքի արտահանումը 3.1 անգամ զիջում է ներմուծմանը: «Իրավունքը» տնտեսական ակտիվության «7 տոկոսանոց ճախրանքը» համարում է գյուղատնտեսության «շնորհքը» և մի առանձին հոդված է նվիրում գյուղմթերքների տոնավաճառ կազմակերպելու նախաձեռնությանը` «Մի ծաղկով գարուն չի գա»:
«Հրապարակը» ՀՀ նախագահի և վարչապետի հանդիպումները երիտասարդության հետ համարում է նախընտրական քայլեր և նույնիսկ, կանխելով իրադարձությունները, իրեն երևակայում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված «ճոխ հանդիպման» մասնակից:
«Գոլոս Արմենիին» հարցազրույց է արել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հետ` «Ստեղծվում են աղետների հանդեպ կայուն կառույցներ»: