ուրբաթ, 26 օգոստոսի 2011
Հոռետեսներն ու լավատեսները
Կառավարության երեկվա նիստին անդրադարձել են «Հայաստանի Հանրապետությունը» և «Հայկական ժամանակը», որին, ի դեպ, մասնավորապես հետաքրքրել են Հայաստանում ոչխարաբուծության զարգացման վերաբերյալ հայեցակարգի ընդունումը և... նիստի տևողությունը` 43 րոպե:
«Կենտրոնական Բանկը մերթ հոռետես է, մերթ լավատես». ներկայացնելով տնտեսական աճի վերաբերյալ տարվա ընթացքում բանկի տարբեր կանխատեսումները, եզրակացրել է «Հայոց աշխարհն» ու հավելել, որ «տպավորությունն այնպիսին է», թե ԿԲ-ը «չի կողմնորոշվում, թե ինչ է տեղի ունենում տնտեսության մեջ»:
«Իրավունքը» հիշատակելով սեպտեմբերի 18-ին կազմակերպվող խորովածի փառատոնը և «պարզելով», որ փառատոնի հովանավորը էկոնոմիկայի նախարարությունն է, հարցրել է, թե «ի՞նչ կապ ունեն խորովածն ու էկոնոմիկան իրար հետ», ապա, արձագանքելով որոշակի ապրանքների թանկացման իրողությանը, տարօրինակ համարել գյուղնախարար Սերգո Կարապետյանի հայտարարությունը, թե «կաթնամթերքը չի թանկացել, կամ եթե թանկացել է, ուրեմն որակն է բարձրացել...»:
«Առավոտը» հայտարարել է, թե «Մինասի որմնանկարները առայսօր մնում են կռվախնձոր», չնայած կառավարության համապատասխան որոշմանը: «Երկիրը» անդրադարձել է ՀՀ-ում գրանցված կուսակցություններում ընդգրկված մարդկանց թվին (ըստ կուսակցությունների հայտարարությունների), կարծիք է հայտնել, թե «կուսակցականները բնակչության թվից շատ են» և այդ ամենը որակել «աբսուրդի թատրոն»: «Հայկական ժամանակը» «Արմենիա» առագաստանավի երկամյա շուրջերկրյա պտույտը որակել է «380 հազար դոլարանոց ճամփորդություն», վերահիշեցնելով կառավարության համապատասխան որոշումը և նավարկությունն ապահովելու նպատակով տրամադրված ֆինանսավորումը: Մի այլ հրապարակման մեջ թերթը վերստին անդրադարձել է գազի գնի բարձրացման թեմային («Որոտամ գազի դիմաց»): «Ազգը» արտատպել է «The Financical Times»-ի «fDi Intelligence» պարբերականում զետեղված Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը:
«Մեզ մոտ ոչ մի փոքր գործարար չի կարող դառնալ միջին, իսկ միջինը` խոշոր»,- «Деловой Экспресс»-ի թղթակցին տված հարցազրույցում վստահեցնում է «Ակցեռն» ընկերության նախագահ Հակոբ Բաղդասարյանը, հընթացս ներկայացնելով տնտեսության «դեմոկրատացման» և օրենսդրական բարեփոխումների իր տեսլականը: «Փոքր ու միջին բիզնեսը այնքան զարգացած չէ, որ խորապես ազդի բիզնես միջավայրի վրա», հավելում է գործատուների հանրապետական միության ղեկավար Գագիկ Մակարյանը, հավելելով, որ Հայաստանի արտադրական հզորություններն օգտագործվում են ցածր և անարդյունավետ:
Իսկ ինչպես են գործերը մեր արևելյան հեռավոր հարևան Չինաստանում: «Ֆինանսներ» հանդեսից արտատպված ծավալուն հրապարակումից («10 առասպել Չինաստանի մասին») «Деловой Экспресс»-ի ընթերցողը տեղեկանում է, որ «չինացիները միայն կարողանում են պատճենահանել օտար բրենդները և գողանալ տեխնոլոգիաներ, երկերեսանի են և չեն վարանում խաբել, էժան աշխատուժի հաշվին թողարկում են էժան ու անորակ ապրանքներ, սակայն շատ աշխատասեր են, սակավապետ, բայց և ցանկանում են տիրանալ աշխարհի ողջ ռեսուրսներին, ավելին` յուանի կուրսի աճպարարություններով տնտեսական անհավասարակշռություն են ստեղծել համաշխարհային մասշտաբով»: Եվ այլն: