երեքշաբթի, 30 օգոստոսի 2011
«Թափառող» թեմաներ
Պարզվում է` ՀՀ գլխավոր դատախազի իրական աշխատավարձը ավելի ցածր է, քան «ՀԺ»-ի նախորդ համարում նշվածը, քանի որ 2008-ից առ այսօր պետբյուջեն դատախազի դասային աստիճանի հավելավճարի գումարը չի հատկացնում: Ինչ վերաբերում է կառավարության որոշումներն իբր առանց քվեարկության ընդունելուն, ապա նույն «ՀԺ»-ին շարունակում է հետաքրքրել այդ թեման և նա ակնկալում է վարչապետի պարզաբանումը «կառավարության թույլ տված աղաղակող ապօրինության վերաբերյալ»: «Երկիրն» էլ իր հոդվածագրի շուրթերով ծարավի է «կադրային արմատական փոփոխությունների», քանի որ «վարչապետի և նոր կառավարության ձևավորումն այն հարցն է, որ կարող է համախմբել տարբեր կուսակցությունների», որոնց թվում է նաև «խորհրդարանական ընդդիմություն ՀՅԴ-ն»: Այդ ընթացքում գործող կառավարությունը իրականացնում է մի քաղաքականություն, որի նպատակն է «խթանել տնտեսական աճը, դիվերսիֆիկացնել տնտեսությունը, իսկ մյուս կողմից` զսպել գնաճը», մասնավորապես ասել է ՀՀ վարչապետը երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը` «Հայաստանի Հանրապետություն» (Ի դեպ, կուսակցությունների «երիտասարդական թևերի» գործունեությունը քննադատել է «Հրապարակը»` «Երիտթևերը` որպես բութ գործիքներ»): Վարչապետի նշած երևույթները նույնպես մամուլի ուշադրության առարկա են: Ահա վերնագրերը. «Թանկացել է «Աշտարակ կաթի» արտադրանքը» («Ազգ»), «Հարստանում են մեր հաշվին» («Երկիր»), «ՀՀ բնակչության 80 տոկոսը չի կարողանում բավարարել նվազագույն սպառողական կարիքները» («Ժամանակ»), «Բյուջեն երազում և արթմնի» («ՀԺ»), «Ազնիվ խոսքը» («Գոլոս Արմենիի»), «Տարեվերջին, թերևս, պետբյուջեն կճաքի», «Իսկ արտադրողներն արդեն հաստոցներ են վաճառում, որ բյուջեի փողերը տան» («Իրավունք»):
Մամուլի էջերից չի իջնում ՄԻՊ-ԿԳՆ դիմակայության թեման` «Խայտառակ, ոչ թափանցիկ, անմաքուր» («Հրապարակ»), «Օմբուդսմեն VS ԿԳ նախարարություն. մաթեմատիկայի դասագիրքը սկանդալ հարուցեց» («Նովոյե վրեմյա»):
Արմավիրի 70-ից ավելի բնակիչներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետին` պահանջելով «դադարեցնել քաղաքի կենտրոնական այգու կառուցապատման գործընթացը»: