հինգշաբթի, 1 սեպտեմբերի 2011
Երբ գալիս է սեպտեմբերը...
Նոր ուսումնական տարվա առաջին օրվան լրատվամիջոցներն անդրադարձել են առանձնակի հետևողականությամբ: «Առավոտը» գիտելիքի օրվա առիթով մասնավորապես հարցրել է` «իմանալ` ինչի համար»` միաժամանակ կրթության մասին ընդունված հայեցակարգը որակելով «ընդհանուր «բարի ցանկություններ» պարունակող փաստաթուղթ: Շնորհավորելով օրվա առիթով, «Հրապարակը» «լավագույն առիթը» բաց չի թողել իր հանգույն քննադատելու, թե «այնքան, ինչքան էքսպերիմենտներ» արվել են կրթության համակարգում, «թերևս ոչ մի համակարգում» չեն արվել: «Նովոյե վրեմյան» հակառակը, գրել է. «Սեպտեմբերի 1-ը տոն է. այլ ոչ թե կոշիկ, վերնաշապիկ, տետրակներ»` արձագանքելով մամուլում վերջերս արծարծվող հարցին, թե ինչքան գումար է անհրաժեշտ ծախսել` դպրոցականին պատշաճ հագուկապով և գրենական պիտույքներով ու գրքերով ապահովելու համար: «Ժամանակը», անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` օրերս արած հայտարարությանը, որ թերթի փոխանցմամբ, «չի կարելի աղքատություն ունեցող երկրում ուժի և շքեղության ցուցադրություն կազմակերպել», այդուհանդերձ կարծիք է հայտնել, թե «իշխանությունը հանրության ընկերը չէ»: «Երկիրը» Ծաղկաձորում երիտասարդության հետ վարչապետի հանդիպումը որակել է «հատուկ PR նպատակներով» հավաք, «Առավոտը» փոխանցել է ՀՅԴ խորհրդարանական Արմեն Ռուստամյանի հետ զրույցը, որում ԱԺ պատգամավորը նշել է, թե ՀՅԴ խմբակցությունը պատրաստվում է «վերստին առաջարկել նախագահին քննարկել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը»: «Հայոց աշխարհը», անդրադառնալով ԱՎԾ երեկվա հրապարակմանը գրել է, որ «վերջին երկու տարիների էական շեղումից հետո» գնաճը վերադարձել է «նախատեսված միջակայք» ու «օգոստոսին կազմել 4.8 տոկոս», թեև, այդուհանդերձ, «բազմաթիվ ապրանքներ... շատ ավելի թանկ են, քան նախորդ տարվա նույն ամսին»: Թեմային արձագանքել է նաև «168 ժամը»` «Նախագահի ասածը մեզ համար... օրե՞նք է»: «Երկիրը» գրել է, որ կառավարության և ՀԲ-ի կողմից մշակված և այժմ իրականացվող ծրագիրը («Գյուղատնտեսության ռեսուրսների կառավարման և մրցունակության») հնարավորություն է տալիս արոտավայրերը շահագործել առավել նպատակային», ստեղծել գյուղատնտեսական մթերքների արտադրության և մթերման բարենպաստ պայմաններ»: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ «այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տալու ԱՄԷ-ի հետ կնքվեիք» մի համաձայնագրի, որով, ըստ թերթի, Հայաստանը «աշխատուժ է արտահանելու» ԱՄԷ: Մի այլ հրապարակման մեջ թերթը շարունակել է բարձր աշխատավարձ ստացող պետական պաշտոնյաների թվարկումը: «Առավոտը» հարցրել է, թե Դավիթաշեն թաղամասին հարող Հրազդանի կիրճում կառուցվող շքեղ «հյուրանոցային համալիրը` «Ֆլորենսը» քաղաքապետի՞ օբյեկտն է»: Թեմային անդրադարձել է նաև «168 ժամը»` «Երևանից Վենետիկ մեկ «դրայվ է»: