երեքշաբթի, 6 սեպտեմբերի 2011
Աղքատությունն անթույլատրելի է
«Հայաստանի Հանրապետությունը», անդրադառնալով սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի Արմավիրի մարզ կատարած այցելության մանրամասներին, հատկապես կարևորել է կառավարության ղեկավարի հայտարարությունը, որ «մեզ համար անընդունելի ու անթույլատրելի է, որ հայ մարդը 21-րդ դարում ապրելով իր հայրենիքում, լինի աղքատ», ինչպես նաև ներկայացրել վիճակի բարելավման նպատակով մարզում ձեռնարկված մի շարք միջոցառումներն ու դրանց արդյունքները։ Վկայակոչելով վարչապետի վերոհիշյալ հայտարարությունը, «Իրավունքը» փորձել է պարզել, թե «ուրեմն ինչու է հայ մարդը իր երկրում աղքատ»՝ մասնավորապես շեշտելով, թե՝ «եթե քիչ գողանան, շատերը ավելի լավ կապրեն, բայց այդ քիչ գողանալու հարցն է, որ տարիներ շարունակ իր լուծումը այդպես էլ չի գտնում»։
«Ժողովուրդն» էլ՝ հակառակը, թե «վարչապետը... երկրի առաջ ծանրացած խնդիրներից տեղյակ ... չէ», «ժամանակն է հասկանալու, որ գործող իշխանությունն ի զորու չէ լուծել այդ խնդիրները»։
Արձանագրելով, որ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն երկրի գանձարանի 10 տոկոսով հարստացումը հաճելի նորություն է, «Գոլոս Արմենիին» խորամուխ է լինում այն հարցում, թե ինչ աղբյուրներից է «սնվել» բյուջեն։ Պարզվում է, որ բյուջետային մուտքերի կեսը ապահովվել է ոչ թե ուղղակի, այլ անուղղակի հարկերի տեսքով, ինչը ընդհանուր լավատեսության հիմք չի տալիս՝ «Բաց կոտրվածք»։ Թերթը լուսաբանել է էկոնոմիկայի նախարարի երեկվա այցելությունը երկու ձեռնարկություն, ինչպես նաև ֆինանսական հաշտարարի մամուլի ասուլիսը։
Ճանապարհային ոստիկանապետի անվանն առնչվող «բենզինի գործը» «Գոլոսին» դրդել է առաջ նայել և գուշակել, որ բարձրաստիճան պաշտոնյաներ էլի են ձերբակալվելու. նույնիսկ ներկայացված են նրանցից մի քանիսի անուն-ազգանունները։
«Առավոտը» և «Երկիրը» փոխանցել են Wikileaks-ի կայքում հրապարակված ՀՀ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ջ.Փենինգտոնի՝ պետքարտուղարությանն ուղղված զեկուցագրերի մասին, որոնցում հիշատակվել են ՀՀ վարչապետի և կառավարության որոշ անդամների՝ ՀՀԿ-ին անդամագրվելու առիթով գնահատականներ և, մասնավորապես, Ջ.Փենինգտոնի մեկնաբանությունը, թե իբր «Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի ամենահզոր հակառակորդներից է»։
Մի այլ հրապարակման մեջ «Երկիրը» ներկայացրել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ զրույցը, որտեղ վերջինս նկատել է, թե «քանի որ մեզ մոտ իշխում է օլիգարխիկ տնտեսությունը», ուստի «տնտեսական ոչ մի օրենք աշխատել չի կարող», սակայն, դրա հետ մեկտեղ, մինչև տարեվերջ «անցյալ տարվա նման գնաճ չի լինի»։
Ըստ «Հայոց աշխարհի», Հայաստանից ապրանքների «արտահանումը Վրաստան կրկնակի կրճատվել է», ինչը նաև պայմանավորված է հարևան երկրի տնտեսական դաշտում սեփական և այլ երկրներից ներհոսած «կապիտալի գործունեության ավելացմամբ»։
«Իրատես դե ֆակտոյում» տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը դարձյալ նշել է «միջազգային ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի մասին», որն ըստ գիտնականի «արդեն տարածվում է աշխարհով մեկ», ինչպես նաև ներկայացրել Հայաստանի տնտեսության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրները։
«Հայոց աշխարհի» թղթակցի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը անդրադառնալով իշխանության և ՀԱԿ-ի միջև երկխոսությանը, հայտարարել է, որ «ՀԱԿ-ին արմատական ընդդիմություն համարելը սխալ է»։ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը «168 ժամի» հետ զրույցում հավելել է, որ «կարելի է փոխադարձ ընդունելի ճանապարհ գտնել ու շարունակել երկխոսությունը, և «դա կախված է քաղաքական գործիչների տրամադրվածությունից»։
«Ազգը» ներկայացրել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ներկայացման նպատակով երեկ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսից մանրամասներ, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։