հինգշաբթի, 8 սեպտեմբերի 2011
Մրցունակության գումարելիները
«Ազգը» փոխանցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի երեկվա հրապարակումը, ըստ որի ՀՏՖ 2011/12թթ. զեկույցում «մեր երկիրն առաջընթաց է արձանագրել 6 տեղով», և այժմ 142 երկրների մեջ զբաղեցնում է 92-րդ տեղը, առաջընթաց է արձանագրվել 12 հենասյուներից 10-ում (ենթակառուցվածքներ, ապրանքների շուկայի արդյունավետություն, տեխնոլոգիական պատրաստվածություն և այլն): Թեմային անդրադարձել են նաև «168 ժամը» («(Ան)Մրցունակության կենտրոն», և «Անկախության միֆերը») և «Երկիրը», որի հրապարակման համաձայն զեկույցում նշված թերությունների շարքում են «մաքսային գործընթացների բեռը, բուհ-արդյունաբերություն կապը», բիզնես կրթության որակը, շուկայի չափը և այլն»): «Տանյան» ուրախացնում է, «Եսաուլը» հիացնում, գրում է «Նովոյե վրեմյան», անդրադառնալով հացահատիկի բերքահավաքին, նախորդ տարվա արդյունքները 20 հազար տոննայով գերազանցելու ակնկալիքներին, ինչը պայմանավորված է էլիտար սերմացուով: Իսկ ահա ազգային բրենդների շարքում ոչ պակաս կարևոր տեղ գրավող լոլիկը նույն թերթի կարծիքով որակի առումով զիջել է դիրքերը, մինչդեռ խելացի և գրագետ աշխատանքի դեպքում կարելի է վերագտնել մեր լոլիկի անգերազանցելի հատկանիշները, այն դարձնել արտահանման հուսալի և շահավետ մթերք («Ազոտային հարված «հայկական հրաշք»-ին):
«Մինչ էկոնոմիկայի նախարարությունը զբաղված է հայկական ապրանքների արտահանման ծավալների աճի հայեցակարգի քննարկումներով, իրականում հակառակն է կատարվում»- ահազանգել է «Գոլոս Արմենիին» («Новый поворот»), ապա հարցազրույցի հրավիրել էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին քննարկելու, թե արդյո՞ք երկրի իշխանությունների կողմից արվող քայլերը բավարար են Հայաստանի տնտեսությունը զարգացման ուղի դուրս բերելու համար («Между Сциллой и Харибдой Госрегулирования»):
«Հայկական ժամանակը», ներկայացնելով վերջին 4 տարիների ընթացքում Հայաստան եկած մասնավոր տրանսֆերտների և արտահանումից ստացվող գումարների ծավալները, գրել է, որ դրանք «գրեթե հասնում են նախաճգնաժամային մակարդակին», մինչդեռ, «հաշվի առնելով տնտեսության ծավալների հաշվարկի մեթոդոլոգիան և այն վերածելով արտարժույթի», ստացվում է, որ մեր տնտեսության ծավալը «դեռ մի 10-12 տոկոս ավելի փոքր է, քան մինչև ճգնաժամն էր», նաև հավելել, թե «այս տարի աճի ցուցանիշը... չի անցնի 4 տոկոսից»: «Հայոց աշխարհը» գրել է, որ, օգտվելով այն հանգամանքից, որ «սեզոնային գործոններով պայմանավորված և արտաքին շուկաներում արձանագրված գնանկումային դրսևորումների հետևանքով» օգոստոսին «գնաճը վերադարձել է նախընտրելի միջակայք», ԿԲ-ը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: «Միավորված հայեր»-ում հրապարակվել է դրամի բարեփոխման առաջարկ` «մեր դրամի կողքից վերջին 18 տարվա ընթացքում աճած երկու «զրոները» հանվեն... մինչև տնտեսության վերականգնումը», ինչպես «շատ պետություններում է... եղել «նման իրավիճակներում»: «Առավոտը» «Երևան քաղաքում տաքսի վարելու իրավունք ստանալու համար» 10 հազար դրամ վճարելու վերաբերյալ շրջանառվող տեղեկատվության առիթով գրել է` «Տաքսիստներին կրկին նեղն են գցում, որ զզվեն ու տաքսի վարելու մտքից հրաժարվեն», նաև հավելել, որ «նոր հարկատեսակի ուղղությամբ» Երևանի քաղաքապետարանից խոստացել են առաջիկայում պարզաբանումներ ներկայացնել:
«Ժողովուրդը» Նոր Նորք վարչական շրջանի Բագրևանդ թաղամասում գտնվող անավարտ շինությունը համարել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ապագա առանձնատունը, ինչը, նույն թերթի փոխանցմամբ, քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը, սակայն, հերքել է: Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է մի այլ տեղեկություն, ըստ որի իբր քաղաքապետի եղբայրը Սարյան փողոցում «Գազոնի» հաշվին «օբյեկտ» կունենա»:
«Հրապարակը» անդրադարձել է «Իմ կարծիքը» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած ուսումնասիրության արդյունքներին, հիշատակել անվանացանկում առաջարկված բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակական գործիչների անունները և արդյունքները որակել «մտահոգիչ»: