ուրբաթ, 9 սեպտեմբերի 2011
Ով` ով է...
«Մենք ենք» խմբագրականում «Ժողովուրդը» փորձում է գլուխ հանել նախկին և ներկա կարգախոսներից և վերջնականապես խճճվում «Երևանը ես եմ»-ի և «Հայաստանը դու ես»-ի միջև:
«Հրապարակն» ազդարարում է հանրապետականների ոչ պաշտոնական քարոզարշավի սկիզբը: Թերթի տեղեկությամբ այն «համակարգելու է Տիգրան Սարգսյանը», հենց նա էլ «գլխավորելու է ՀՀԿ ցուցակը»: Վարչապետի աշխատանքային այցը Սյունիք այս մտքերն է հարուցել «Հրապարակի» գլխում: Սակայն թերթն այլ կանխատեսում էլ է արել. եթե վաղն ընտրություն լինի, ապա «հայաստանցիների 50-51 տոկոսը ձայն կտա «մի գեղեցկատես դերասանուհու», ով արել է անհնարինը` «կոնսոլիդացրել է մեր փտած հասարակությունը իր էն լուսանկարների ալբոմի շուրջ»: «Իրավունքի» ենթադրությամբ կայքերից մեկում «Տասը տարիներ, որոնք փոխեցին Հայաստանը» տեսահոլովակի ի հայտ գալը նշան է այն բանի, որ «երեկ փաստացի Ռոբերտ Քոչարյանն սկսեց իր ընտրարշավը»: Նախընտրական վերադասավորման թեման է շոշափում նաև «Ռեսպուբլիկա Արմենիան»` «Հին-նոր ուժեր. վերակենդանացման փորձ»:
«ՀԺ»-ն, վկայակոչելով իր գրագրությունը ՊԵԿ հետ, ապացուցված է համարում այն պնդումը, թե «ՊԵԿ նախագահը և նրա ընտանիքի անդամները մեկուկես տասնյակից ավելի ընկերությունների սեփականատեր կամ փայատեր են»:
Կառավարության երեկվա նիստը և վարչապետի ներածական խոսքը նույնպես մեծ արձագանք են գտել մամուլում. «Մրցունակության բարձրացում, վարկանիշի պահպանում և հարկային եկամուտների ապահովում» («Ազգ»), «Եվ նորից` վերջից առաջին տեղերում» («Իրավունք»), «Սալվադորի և Մոլդովայի միջև» («Դելովոյ էքսպրես»), «Պետք չէ ուռճացնել արտաքին պարտքի բեռի խնդիրը» («Հայաստանի զրուցակից») և այլն: Տնտեսական մյուս վերլուծությունները դասավորվել են հետևյալ կերպ. «Հայաստանի պետությունն ու տնտեսությունը` մարտահրավերների առջև» («Հրապարակ»), «Համահայկական բանկը մեկնարկեց» («Հայոց աշխարհ»), «Տրանսֆերտների աճի պարադոքսը» («Ժամանակ»), «Վարկային թուրն առած» («Իրավունք»), «Բարեխոսեք «նոր» հայեցակարգի համար» («ՀԶ»), «Աշխատանք չգտնե՞լը, թե՞ աշխատող չգտնելը, ո՞րն է ավելի լուրջ խնդիր Հայաստանում» («Ազգ»):
Կառավարության շենքի մոտ խմբված քաղաքացիների պահանջներն են ընթերցողին փոխանցել «Առավոտը» («Զինվորներին գենոցիդի են ենթարկում»), «Հրապարակը» («Թող մեկ անգամ էլ խաբեմ»):
Համադրելով ՀՀ վարչապետի` կրթության թեմայով արտահայտած մտքերը, «Երկիրը» հեծանիվ է հորինում` հիշեցնելով, որ կրթությունն առանց գիտության չի լինում: