չորեքշաբթի, 21 սեպտեմբերի 2011
Երեք քայլ, որոնք...
Երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու այդ քայլերն «Առավոտի» էջերում առաջարկում է տնտեսագիտության դոկտոր Արմեն Ճուղուրյանը` «Տնտեսության 20-ամյա դասերը»: Իր հայացքը տասնամյակների խորքն է հառում նաև «Ժամանակը»` «Նորանկախ Հայաստանի բյուջետային պատմությունն սկսվում է 1992 թվականից»: Մնացած թերթերը լուսաբանում-մեկնաբանում են անցած ամսվա և ամիսների ցուցանիշները. «Օգոստոսին տնտեսական ակտիվության աճը` 9.6 տոկոս. հիմնականում արդյունաբերության և գյուղատնտեսության ակտիվության շնորհիվ» («Ազգ»), «ԱՎԾ ցուցանիշները` հուսադրող», «Վերադարձնել գյուղացու վստահությունը. գյուղատնտեսության ոլորտը վերակենդանացնելու քայլերն առաջին պտուղներն են տալիս» («Հայաստանի Հանրապետություն»), «Տնտեսական ակտիվությունը խորացել է, բայց միջին աշխատավարձը` նվազել» («Հայոց աշխարհ»), «Արդյունաբերություն և արտահանում` տեմպ կա, մնում է աճը» («Ռեսպուբլիկա Արմենիա»):
«Ազգն» անդրադառնում է բյորոկրատական քաշքշուկը կրճատելուն ուղղված կառավարության ջանքերին` «Հայաստանում օրենքները շատ-շատ են, գործարկվող համակարգը դրանք կկրճատի մոտ 30 տոկոսով»:
«Հրապարակի» 2-րդ էջի սյունակն ուզում է ընթերցողի համար պարզել, թե ինչու է վեց ամսով հետաձգվել կառավարության որոշմամբ ստեղծվելիք Բարերարների ճեմուղու հիմնումը, բայց առայժմ չի կարողանում:
Ինչ մնում է Եվրոպային, ապա նա, ըստ «Ժամանակի» «փորձում է հովանու տակ վերցնել Հարավային Կովկասը»: