ուրբաթ, 30 սեպտեմբերի 2011
Իմացա՞ք, թե ինչ է եղել
Կառավարության երեկվա նիստի մասնակիցներն ու ականատեսները այսօրվա «Ժողովուրդից» են իմացել, որ նիստը «սկանդալային, խայտառակ ընթացք է ունեցել»: Թերթն այլ կերպ չի կարողացել բնութագրել 2012թ. պետբյուջեի նախագծի քննարկումը` «Կառավարությունը խոստովանում է ձախողումները»: Մինչդեռ «Ժամանակի» տպավորությամբ «հետաքրքրական բանավեճ է տեղի ունեցել վարչապետի և ՊԵԿ նախագահի միջև»` «Ի՞նչ տարբերություն, թե ով կհամոզի Սերժ Սարգսյանին», իսկ «Երկիրը» պարզապես արձանագրել է` «ՊԵԿ նախագահը լուրջ կասկածներ ունի, որ հարկերը կհավաքվեն»: Բյուջեի նախագծի քննարկման թեմային անդրադարձել են «ՀԺ»-ն («Նորածիններն էլ են պարտք»), «Իրավունքը» («Ահա և մեր «ավարտված ճգնաժամը»), «Հրապարակը» («Այս անգա՞մ էլ կփրկվի վարչապետը»), «Ազգը» («2012-ին պետք է հավաքվեն շատ հարկեր լրացուցիչ ֆինանսավորման համար. կբարձրանան թոշակներն ու նպաստները, քաղծառայողները կստանան սոցիալական ապահովության փաթեթ»), «Հայոց աշխարհը» («Ինչպես են բաշխվել բյուջեի գումարները»), «Դելովոյ էքսպրեսը» (վերջինս քննարկում է նաև դոլարի արժևորման խնդիրը), «Առավոտը» («Մետրոյի վիճակը վատ է»):
Պրոֆեսոր Մանասերյանի կարծիքով տնտեսության համար «հարցերի հարց է մնում ապապետականացված, բայց չգործող օբյեկտների վերագործարկումը» («Իրատես դե ֆակտո»), և նա խնդիրը լուծելու մի շարք առաջարկներ է անում` «Անկախության երկու տասնամյակ. առաջընթացի տնտեսական նախադրյալները»: Ապապետականացումը հիշել է նաև «Ժողովուրդը»` այդ համապատկերում հիշելով և վերակերտելով Դավիթ Վարդանյանի կերպարը. «... և առանց մրցույթի նա վաճառքի հանեց դեռևս 1996-ից ցուցակագրված 1000-ից ավելի օբյեկտներ: Բնականաբար, դրանց մի մասն էլ հենց իրեն է բաժին հասել»:
Ձախակողմյան, այսինքն` «ժողովրդի ապստամբելու իրավունքը պաշտպանելու դիրքերից» արդի ներքաղաքական իրավիճակն է բնութագրել ՍԴՀԿ վերլուծական կենտրոնը («Ժողովուրդ»):