հինգշաբթի, 6 հոկտեմբերի 2011
Երկրի մեկ օրը...
ՀՀ վարչապետի հերթական աշխատանքային օրը, որ հագեցած էր հանդիպումներով և միջոցառումներով, մանրամասն ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունը». ընդունել է Քուվեյթի ֆինանսների նախարարին, մասնակցել է «Արցախ Հէկ»-ի բաժնետոմսերի թողարկման արարողությանը, պարգևատրել է մանկավարժներին, այցելել է Անանիա Շիրակացու անվան ճեմարան, ԱԺ-ում պատասխանել է լրագրողների հարցերին` «ՀՀ վարչապետը` սողանքի, հարկերի, Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին»: Ճեպազրույցին անդրադարձել են «168 ժամը». «Քոչարյանը կլինի՞ Սերժ Սարգսյանի համար թիկունք» և «Ժամանակը», հրապարակման համար ընտրելով նույն վերնագիրը, իսկ «Երկիրը» շեշտադրել է Սփյուռքի նախարարության կայքէջում տեղադրված ծրագիրը. «50 հազար դոլարանոց Հայաստանը»: «Քոչարյանը գծագրում է մեծ կոալիցիա», տեղեկացնում է «Ժողովուրդը», գրելով, թե երկրորդ նախագահի վերադարձը նախապատրաստող թիմն ինտենսիվորեն զբաղված է հանրային պահանջարկի ձևավորմամբ:
Տնտեսական թեման «վրիպել է» մի շարք թերթերի ուշադրությունից, իսկ ահա «168 ժամն» ու «Հետք» շաբաթաթերթը հանդես են եկել մի քանի հրապարակումներով:
«168 ժամին» նախ մտահոգել է, որ 2012թ. պետբյուջեի նախագծի քննարկումները բուռն և աշխույժ ընթացք չունեն, լրատվամիջոցները հիմնականում սահմանափակվում են մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակումով. «Անտարբեր բյուջե», ապա «մատուցում է» «Forbes»-ի հերթական «նվերը», ըստ որի Հայաստանը բիզնեսով զբաղվելու համար բարենպաստ պայմանների տեսանկյունից գրավում է 89-րդ տեղը, զիջելով տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներին:
«Հայաստանում բիզնես-գործունեության պայմանները վատացել են», շարունակում է «Հետք» շաբաթաթերթը, զրուցակից ընտրելով Հայաստանի գործարարների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին: Նույն թերթը հարցազրույց է տպագրել նաև Ադրբեջանցի փորձագետ Ազեր Մեհթիևի հետ. «Տնտեսական վիճակն Ադրբեջանում»: «Ժամանակի» հետ երկրի մրցակցային դաշտի մասին զրուցել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը. «Մենք չենք արգելում մենաշնորհներ»:
Այրում կայարանի մոտ սողանքի հետևանքով անհետ կորած մարդկանց որոնողական աշխատանքները դեռևս արդյունք չեն տվել, կորած մարդկանց հարազատները դժգոհ են փրկարարների աշխատանքից, գրում է «Ժողովուրդը»: