երեքշաբթի, 11 հոկտեմբերի 2011
O~ ժամանակ, օ~ բարքեր
Վերջին օրերի քրեական քրոնիկոնն իրոք սարսափելի է` «Երեք օրում` երեք սպանություն» («Ժողովուրդ»), բայց ոչ մեր հասարակության համար, որը հեռուստաալիքներով քարոզվող բարքերի պատճառով ի վիճակի է ցնցում ապրել լոկ «ինչ-որ մի դերասանուհու սեքսուալ լուսանկարներից» («168 ժամ»):
Բայց և այնպես կյանքն «իր ճամփեն» ունի, որտեղ քրեականից բացի կան նաև ավելի համընդհանուր իրողություններ: Վերակազմակերպվում են ԱԺՄ-ից նախկինում դուրս եկած կուսակցությունները, և սա, ըստ «պտտվող լուրերի», վարչապետ Տիգրան Սարգսյանի պրոյեկտն է («Հրապարակ»): Սույն լուրերը հերքում է Արշակ Սադոյանը` «դա իմ պրոյեկտն ա, ինչի՞ մասին է խոսքը....»: Ներքաղաքական համանման խմորումները ծամում-ընթերցողի բերանն է դնում «Իրատես դե ֆակտոն»` թե ով ում է իր մոտ կանչել, ինչ է ասել կամ ինչ պատասխան ստացել:Նկարագրությունն այնքան հանգամանալից է, որ հաջորդ համարում էլ ենք կարդալու: Իրավիճակի սեփական ըմբռնումն է ներկայացնում ՀԱԿ-ը` «Շուրջօրյա նստացույց-հանրահավաքի ամփոփիչ բանաձևը» («ՀԺ»):
ՌԴ քաղաքացի գործարարի «Բաց նամակը», որն հասցեագրված է ՀՀ նախագահին, մեծահոգաբար տպագրել են թե´ «Հրապարակը», թե´ «168 ժամը». քաղաքացին խնդրում է «պաշտպանել Հայաստանում ներդրումներ կատարելու և դրանց համար չվախենալու» իր և իր նմանների իրավունքը:
Գյուղական համայնքների առաջին համաժողովից «ՀԺ»-ին հատկապես հետաքրքրել է ՀՀ նախագահի այն դիտարկումը, թե «չի կարելի վատ սպասումներ ձևավորել»: Երկու գծապատկերի միջոցով թերթը ակնթարթորեն «ապացուցում է», որ «մեր գյուղատնտեսությունը անկում է ապրում սահուն և հաստատուն քայլերով»: Համարյա այս կարծիքին է նաև «Երկիրը», բայց միայն կարտոֆիլի արտադրության վերաբերյալ` «Խոստումներ և իրականություն կամ ինչո՞ւ է կարտոֆիլը թանկ»: «Գոլոս Արմենիին» իր և Արծվիկ Մինասյանի անունից քննադատում է օրենսդրական երկու նախաձեռնություն, որոնք ապացուցում են գյուղնախարարության (փաստաթուղթը մշակողի), արդարադատության նախարարության (փաստաթղթի փորձաքննությունն անցկացնողի) և կառավարության (փաստաթղթերին հավանություն տվողի և ԱԺ ներկայացնողի) սնանկությունը:
Եկող տարվա բյուջեի նախագծի իր բաժին քննադատությունն է շարունակում «Ժամանակը»: Հանգելով «տրամաբանական» այն եզրակացությանը, որ «2012թ. մեկ միլիարդ դրամը ավելի քիչ գնողունակություն ունի, քան 2011թ. մեկ միլիարդ դրամը», թերթը «ամբողջությամբ ձախողված» է համարում նախագահի և «այս կառավարության» ծրագրերը:
«Իրատես դե ֆակտոյի» «Բանուգործ» էջը վարում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը հանձին պրոֆեսոր Մանասերյանի` «Միասնական տնտեսական տարածքի ձևավորման մասին խոսելը փոքր-ինչ վաղաժամ է» («ԱՊՀ-ում միասնական տնտեսական տարածք ստեղծելու փորձեր»):