երեքշաբթի, 25 հոկտեմբերի 2011
Տնտեսական մարտահրավերներից մինչև ֆուտբոլը
«Հայաստանի Հանրապետությունը» լուսաբանել է հոկտեմբերի 22-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած Հայկական տնտեսագիտական միության գիտաժողովում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը, որում կառավարության ղեկավարը ներկայացրել է համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները և դրանց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: «Իրատես դե ֆակտոյում» տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հատկանշական է համարել, որ «նոր բյուջեն միտված պետք է լինի տնտեսական ճգնաժամի հետևանքները թոթափելուն», նաև արտահայտել համոզմունք, որ «կարևոր են ինչպես նոր նախաձեռնություններն ու ծրագրերը, այնպես էլ արդեն սկիզբ առած ծրագրերի հետևողական զարգացումը»: «168 ժամը» 2012թ. ֆինանսական գլխավոր փաստաթղթի` պետական բյուջեի նախագծին իր անդրադարձում մտահոգություն է հայտնել, թե «լայն հանրությանն ուղղված լավատեսական ելույթների ետևում կառավարությունում առկա է անհանգստություն` կապված հնարավոր անկումների հետ»:
«Հայացքը» բավականին ուշագրավ է համարել ԱԺ նիստի ընթացքում, «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդունման մանրամասները և մասնավորապես ԲՀԿ-ական խորհրդարանական Վարդան Բոստանջյանի բացականչը, թե` «հիմա կոալիցիոն սկզբունքներից ելնելով մենք պետք է ախմախությանը կո՞ղմ քվեարկենք»: Մի այլ հրապարակման մեջ թերթը անսովոր է համարել, որ` «Ինչու է, օրինակ, «Փարիզյան սուրճի տնօրենը... հայտարարում Հայաստանը լքելու մասին» հարցին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը անկեղծորեն պատասխանել , որ «տեղյակ չի» և չի տիրապետում հարցին: «Երկիրը» գրել է, որ վերոհիշյալ օրինագիծը այնուամենայնիվ ընդունվել է, նաև հավելել, թե «ընդմիջումից հետո ԱԺ դահլիճում ընդամենը 4 պատգամավոր էր ներկա»:
«Հայկական ժամանակը» ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի հետ հարցազրույցում նախ մեծ ճիգեր է գործադրել` թերևս միայն իր հետ ճշտելու, թե առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելո՞ւ է ներկայիս ՀՀ նախագահի թեկնածությունը, ապա, ամենայն հավանականությամբ տրված պատասխաններից անբավարար, կատարել հետևություն, թե «ԲՀԿ-ի խոսքը գործագործ է»: «Իրավունքում» հետխորհրդային տարածքում եվրասիական միություն ստեղծելու վերաբերյալ ՌԴ վարչապետ Վ.Պուտինի առաջարկին, նաև այդ առաջարկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դրական գնահատականին անդրադարձել են ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: Մի այլ հրապարակման մեջ թերթը տարօրինակ է համարել, որ ինչքան խոսվում է «կաթնամթերքի շուկայի մասին», իբր այնքան «նորանոր «տարօրինակություններ» են իր հայտ գալիս և կարծիք հայտնել- հարցրել, «փորձում են անարատ կաթն ու կաթի փոշի՞ն նույնացնել»:
«Խայտառակ թվեր... ում ենք խաբում». իր հանգույն հարցրել է «Հայացքը», արձագանքելով ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի երեկվա ասուլիսին, որտեղ վերջինս անդրադարձել է այս տարվա երաշտի հետևանքներին և պարարտանյութերի հետ կապված հիմնախնդիրներին: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ «ԱՎԾ գյուղոլորտին վերաբերող այնպիսի թվեր է ներկայացրել, որ աննախադեպ են ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար»:
«Հայոց աշխարհի» տեղեկությամբ երեկ հետմիջօրեին հայտնի է դարձել, որ 10 տոկոսով բարձրացվել է ԱԷԿ-ի աշխատակիցների աշխատավարձը, «ՀԱԷԿ. հագուցալուծում` հօգուտ ողջախոհության»: Թեմային անդրադարձել է նաև «168 ժամը»` «Նախարարը թող չմտածի, թե ինքն է տղերքին համոզել»:
«Հայացքը» հարցրել է, թե քանի չգրանցված աշխատող կա Երևանում, նաև հայտարարել, որ «տաքսի ծառայությունները «թաքցնում են» իրենց վարորդներին»` խուսափելով հարկային պարտավորությունների կատարումից: «Հայաստանի Հանրապետությունը» տեղեկացրել է, որ «Վարչապետի գավաթ 2011» ֆուտբոլային մրցաշարում լավագույնը ճանաչվել է ՀՀ գլխավոր դատախազության թիմը: