չորեքշաբթի, 26 հոկտեմբերի 2011
«Հին երգերի» նոր կատարումները
«Առավոտը» տեղեկացրել է, որ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը սեփական նախաձեռնությամբ պատրաստվում է հանդիպել ընդդեմ Թռչկանի ջրվեժի վրա կառուցվող ՀԷԿ-ի բողոքի ակցիաներ իրականացնող խմբի հետ, իսկ թերթը խոստացել է «օրինախախտումների մասին «պարզաբանումներ» ներկայացնել վաղվա համարում: «Հայկական ժամանակը» անդրադարձել է այս տարվա 9 ամիսների բյուջեի կատարողականի վերաբերյալ ֆինանսների նախարարության երեկվա հրապարակմանը (99.9 տոկոս) և... դարձյալ ակնհայտ համարել, որ «հարկահավաքման ոլորտում վիճակը լավ չէ», «մինչ հայ հանրությունը քննարկում է, թե ինչպես են հաջորդ տարի 101 միլիարդ դրամով ավելի հարկեր հավաքելու»:
Մի այլ հրապարակման մեջ թերթը, ասես շարունակելով «հարկերի թեման», հավելել է, թե իբր «ԱԺ պատգամավորներն արդեն երկու օր է անթաքույց ապշանքով» են ուսումնասիրում Հայ առաքելական եկեղեցուն պատկանող «սեփականությունների ցանկը», և թե իբր «ցանկը գալիս է ապացուցելու, որ «մեր եկեղեցին... զբաղված է բիզնեսով, ու վարչապետ Տիգրան Սարգսյանն ուզում է, որ այդ բիզնեսը չհարկվի»: «Եկեղեցական հարկերի թեմային» իր «առանձնահատուկ» մոտեցումն արտահայտել է նաև Հրանտ Բագրատյանը երեկվա ասուլիսում: Ըստ «Ազգի» ՀՀ նախկին վարչապետը Հայ առաքելական եկեղեցուն հարկային արտոնությունների տրամադրումը համարել է «բացարձակ հիմարություն», քանի որ նրա «պատմագիտական գիտելիքների» տեսանկյունից «Աշակունիների կործանման պատճառներից մեկն էլ եկեղեցու անչափ հզորացումն էր»: Բագրատյանի ասուլիսին արձագանքել են նաև «Երկիրը» և «Հայացքը», որին առանձնապես «հուզել են» նախկին վարչապետի տխուր, անգամ սարսափազդու հայտարարությունները. «լրիվ ցնցված-պրծած ենք», «լրիվ մեռած ենք», «Հայաստանի բնակչության 65%-ը խրոնիկ թերսնման մեջ է»: Նույն «Հայացքը» մի այլ հրապարակման մեջ փորձել է պարզել գազի սպասարկման ծառայություններ իրականացնող «Էյ-ի-Ջի» ՍՊԸ գործունեության մանրամասները և իր հռետորական հարցն ուղղել է «նաև վարչապետին»` «Ում ջանից է հանվում մոտ մեկուկես միլիարդ դրամը»:
Ըստ «Ազգի» «Հայրիկյանը սատարելու է ՀՀԿ-ին, մյուսները դեռ չեն կողմնորոշվում»: «Ժողովուրդի» կարծիքով` ՀՀԿ-ում իբր ձևավորվում են նախագծեր, որոնք թույլ կտան հաջորդ «գումարման ԱԺ բերել» Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի և «նմանատիպ կուսակցությունների մեկ երկու անդամների», իսկ «Ազգային ժողովրդավարների միավորումը... բոլորովին այլ նախագիծ է»: «Հայոց աշխարհը» ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականության և Հայաստանում դրա ազդեցության վերաբերյալ ԲՀԿ-ական խորհրդարանական Վարդան Բոստանջյանի հետ զրույցը հրապարակել է «Ճգնաժամից մեզ կպաշտպանի թույլ տնտեսությունը» խորագրով: