շաբաթ, 29 հոկտեմբերի 2011
Ակտիվ քննարկումների շաբաթը
«Ազգը» գրել է, որ Երևանում մեկնարկած ԱՊՀ անդամ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է 9 ամիսների ընթացքում երկրում արձանագրված տնտեսական աճի ցուցանիշները, նշել գործընկեր պետությունների հետ առևտրաշրջանառության բարձր մակարդակը, միաժամանակ կարևորել «Հյուսիս-հարավ երկաթուղու կառուցման ծրագիրը որպես ռազմավարական ծրագիր»: «Օրակարգը» հակառակվել է, թե այն «ռազմավարական է միայն թղթի վրա» և թե «դուրս է մնացել ԱՊՀ երկաթուղայինների ուշադրությունից»: «Հայացքը» փոխանցել է եկող տարվա բյուջեի հարկային մասի ավելացման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի («Կառավարության առաջարկը կարող է ուղերձ լինել «անհնազանդ և հնարավոր գործարարներին»), իսկ եկեղեցական գույքին հարկային արտոնություններ տալու օրենսդրական նախագծի վերաբերյալ` ՀՅԴ-ական խորհրդարանական Հրայր Կարապետյանի («տարիներ շարունակ եկեղեցուց խլվել են տարածքներ,... դա հիմա պետք է շտկվի») տեսակետները: «Եկեղեցապատկան գույքին հարկային արտոնություններ տալու օրենսդրական նախագծի նկատմամբ «Ժողովուրդ»-ը և «168 ժամը» հրապարակել են տնտեսագետ Հրանտ Բագրատյանի բացասական տեսակետները («Եկեղեցին գործարան ունի, հողեր, այգիներ» և «Էդ ում են ուզում հաճոյանալ»): «Հայկական ժամանակի» կարծիքով «կառավարությունը վախենում է իր իսկ կազմած հարկային բարեփոխումների փաթեթը հրապարակելուց». թերթը նաև հայտնաբերել է և ի լուր աշխարհի հայտարարել, թե իբր նույն այդ փաթեթում նույն այդ «կառավարությունը փորձել է օգտագործել գաղափարներ» ՀԱԿ-ի` ժամանակին հրապարակած «100 քայլ» ծրագրից: «Հրապարակը» իր հանգույն ի մի է բերել տնտեսական շաբաթը և, ոչ մի լուսավոր բան չգտնելով, ժամանակահատվածը որակել «ազգային ղումարբազություն»:
Մամուլը առանձնակի հետևողականությամբ է արձագանքել նախօրեին ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանի արած հայտարարությանը ՀՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ: «Հրապարակը» անդրադարձել է հայտարարության առիթով վարչապետի օգնական Արամ Անանյանի մեկնաբանությանը («Հրաժարականը փրկեց կոալիցիան»), «Ժողովուրդը» հավելել է, թե մասնավորապես «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը «հենց նույն օրը» հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին` հավանաբար պարզելու համար, թե ում նկատի ուներ վարչապետը` «կոտրած տաշտակով սպառնալով»: («Տաշտակակռիվ»): Թեման չեն շրջանցել նաև «Հայացքը» («Վարչապետը` ԲՀԿ-ի փիարշչիկ»), «Երկիրը» («Վարչապետակա՞ն, թե՞ հանրապետական մետամորֆոզներ»), «168 ժամը» («Կատա՞կ է արել»), «Նովոյե վրեմյան» («Ինչ էր իրականում ցանկանում ասել վարչապետը»): «Երկու Կարեն Կարապետյանների անակնկալ հրաժարականները ցույց են տալիս, որ իշխանական դաշտում ռուսական կողմնորոշում ունեցող գործիչները սկսում են հեռանալ երկրից», եզրակացրել է «Ժողովուրդը», արձագանքելով Երևանի քաղաքապետի հրաժարականին: Թեմային «խոսուն վերնագրերով» անդրադարձել են նաև մյուս պարբերականները: