հինգշաբթի, 3 նոյեմբերի 2011
2012-ի պետական բյուջեն և նրա շուրջ...
«Ազգը» ըստ ամենայնի ներկայացրել է երեկ կառավարությունում տեղի ունեցած փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստի մանրամասները, մասնավորապես կարևորելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մեկնաբանությունը, որ փաթեթի նպատակն է «հնարավորին չափ բարելավել միջավայրը փոքր ու միջին բիզնեսի համար և հարկային բեռը տեղափոխել» ավելի բարձր եկամուտներ ունեցող ոլորտներ: «168 ժամը», անդրադառնալով նիստում առաջադրված հարցերին, փորձել է պարզաբանել, թերթի փոխանցմամբ, 12 դրույթներից յուրաքանչյուրը և իր հանգույն «արձանագրել», թե իբր «կառավարությունը մանր ու միջին ձեռնարկատիրությունը խրախուսելու ծրագիր չունի» և «աջակցելու փոխարեն... խոստանում է խիստ հսկողության տակ վերցնել.., խոշոր բիզնեսին»: Մի այլ հրապարակման մեջ թերթը մտահոգություն է հայտնել, թե «հարկային փաթեթը մինչև օրս գաղտնի է պահվում, և այն մանրամասն վերլուծության ենթարկել հնարավոր չէ»: «Կառավարությունը զգուշավորություն է ցուցաբերում». եզրակացրել է «Հայոց աշխարհը», անդրադառնալով ԱԺ հանձնաժողովներում սկսված գալիք տարվա պետբյուջեի նախագծի քննարկումներին և հատկանշական համարելով, որ հաջորդ տարվա համար նախագծով «նախատեսվում է ավելի պակաս տնտեսական աճ»` պայմանավորելով դա «հիմնականում համաշխարհային տնտեսության զարգացումներով և բացասական սպասումներով»: «Օրակարգի» հետ զրույցում ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը արտահայտել է իր հոռետեսական վերաբերմունքը «2012թ. հավելյալ 100 մլրդ-ի հարկ հավաքելու կառավարության մտադրության վերաբերյալ, համաձայնել, որ «այսպես կոչված ճոխության հարկը... շատ արդար հարկատեսակ է», նաև նշել, թե «ստվերային եկամուտներ ստանում են կոնկրետ մարդիկ, որոնք այսօր հասարակությունում իշխող դիրք ունեն», և թե «այսօր կառավարությունը նրանց վրա ազդելու լծակ չունի»: «Հարկային թեմային» արձագանքել է Հրանտ Բագրատյանը` «168 ժամի» հետ զրույցում նշելով, թե իբր «գործող կառավարման, ժողովրդավարության պայմաններում այդ առաջարկները («100 քայլ») ձևափոխված են ներդնում» և «էլ ավելի խճճում տնտեսական իրավիճակը»: Թեմային անդրադարձել է նաև «Գոլոս Արմենիին». («Բյուջե 2012` կայունությունից դեպի տնտեսական աճ. իսկ եթե հարկային մարմինները չապահովեն 101 միլիարդի հավաքագրումը՞»): ԱԺ նախագահի հրաժարականի թեման շարունակել են լուսաբանել «Առավոտը» («Հովիկ Աբրահամյանի պարզաբանումը համոզիչ չէր»), «Ժողովուրդը» («Աբրահամյանինը լրիվ ուրիշ օպերայից է» և «Հայկական ժամանակը», որի թղթակցի հետ զրույցում ԱԺ նախագահը հենց այդպես էլ նշել է. «Իմ հրաժարականը այլ օպերա է»): «Հրապարակի» փոխանցմամբ ՊԵԿ-ի երեկվա հաղորդագրությունը հերքել է կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկության լուրը և նման «լուրեր տարածողներին» համարել «կառույցի գործունեությունը և բարեփոխումների ընթացքը խաթարելու ցանկություն ունեցողներ»: Թերթի մի այլ հրապարակում ներկայացրել է իր տեղեկությունը, թե «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը աշխատասենյակից իր իրերն է հավաքել»: