հինգշաբթի, 17 նոյեմբերի 2011
Հեռու-մոտիկ գնահատականներ
«Հայաստանի հանրապետությունը» անդրադարձել է խորհրդարանում երեկվա ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի մանրամասներին, նաև առանձնապես կարևորել, որ շքեղ ավտոմեքենաների հարկման օրինագիծը ԱԺ ներկայացված հարկային փաթեթում ներառված է։ «Հայոց աշխարհին» հետաքրքրել է լրագրողների հետ ճեպազրուցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը, ըստ որի կարևոր օրենսդրական փոփոխություններ են կատարվում՝ հնարավորություն տալու համար պետությանը վերահսկելու, որպեսզի «պատգամավորները և կառավարության անդամները բիզնեսով չզբաղվեն»։ «Առավոտը» փոխանցել է 2012-ի բյուջեի վերաբերյալ վարչապետի գնահատականը. «Սա զգուշավոր-իրատեսական բյուջե է»։
«Գոլոս Արմենիին» երկու հոդվածով՝ «Բյուջե-2012-ի փաստարկները» և «Աշխատավարձը նախընտրական ֆոնի վրա», անդրադարձել է Ազգային ժողովում ծավալված քննարկմանը և, օրինակ, ֆինանսների նախարարի ելույթից ստացել այն տպավորությունը, որ «Կառավարությունը շատ է ուզում բարձրացնել նվազագույն աշխատավարձը, բայց չի կարողանում»։
Որոշ լրատվամիջոցների պարզապես հուզել են ՀՀԿ երիտասարդական կառույցի կազմակերպած համերգի հայտնի ելույթի երեկվա գնահատականները և գցել երևակայության գիրկը։
«Հրապարակը» գրել է, թե չնայած «հարկային փաթեթը» խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվել է «առանց լուրջ դիմադրության», սակայն... «մինչև ներկայիս տեսքին բերվելը անցել է լուրջ ճանապարհ և հանդիպել լուրջ դիմադրության», նաև մտահոգություն է եղել, թե այն «կարող է լուրջ դժգոհություն առաջացնել հանրության շրջանում»։
«168 ժամը» և «Հայացքը» անդրադարձել են ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի երեկվա ասուլիսին. նախկին պաշտոնյան իր հանգույն հայտարարել է,թե «2012թ. բյուջեն որևէ ամբիցիա չի պարունակում, քանի որ որևէ խնդիր չի լուծում» և թե «մեր իշխանությունները զոռ են տվել երևակայությանը»։
Ըստ «Հայկական ժամանակի» հայկական դրամը «վերջին շրջանում արժեզրկման կայուն միտումներ է դրսևորում», ինչը սակայն, մասնագետների գնահատմամբ, «պայմանավորված է սեզոնայնությամբ» և ինչն էլ թերթը փորձել է վերծանել նորովի։
«Առավոտում» «ֆերմերային շարժում» հկ նախագահ Սարգիս Սեդրակյանը նշել է իր մտահոգությունները գյուղատնտեսության ներկա վիճակի մասին, «Օրակարգը»՝ փոխանցել էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի երեկվա հայտարարությունը լրագրողների հետ ճեպազրույցում, որ «Հայաստանի ադամանդագործության ոլորտը դուրս է գալիս ճգնաժամից» և կարող է «երկրորդ շունչ ստանալ», որի նպատակով տարվում են աշխատանքներ։