երեքշաբթի, 29 նոյեմբերի 2011
«Դարձ ի շրջանս յուր»
«Հայացքն» ազդարարել է մեր երկրի վարած կոմպլեմենտար քաղաքականության ավարտը։ Թերթի «հավաստի տվյալների» համաձայն «Կրեմլն ուղղակի վերջնագիր է ներկայացրել Հայաստանի իշխանություններին. կամ Հայաստանը պետք է միանա նոր կազմավորվող Եվրասիական միության գործընթացներին, կամ վերջնականապես կտրի հույսերը Ռուսաստանի կողմից քաղաքական ու տնտեսական աջակցությունից»։ Թեման արծարծել է նաև «Առավոտը»՝ «Դիրքորոշումները պետք է այսօր հստակեցնել», իսկ Արտաշես Գեղամյանը, վերլուծելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի համար չի թողել այլ տարբերակ, քան նոր դաշինքին միանալը՝ «Եվրասիական միությունը՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանման երաշխավոր» («Հայոց աշխարհ», «Նովոյե վրեմյա»)։
«Ժողովուրդը», «168 ժամը», «Օրակարգը» արծարծել են «Նաիրիտի» թեման՝ իբրև տեղեկատվության առիթ օգտագործելով քաղ. Հ.Առաքելյանին ոստիկանության քննչական բաժին հրավիրելու փաստը։ «Առավոտի» տեղեկություններով Հ.Առաքելյանի վարքագիծը թելադրված է «Նաիրիտի» հետ ունեցած գործնական հարաբերություններով, որոնք «այնքան էլ հարթ չեն ընթացել»։ Թերթը խոստանում է առաջիկայում անդրադառնալ այդ խնդրին։
«Հայոց աշխարհը» գրել է, որ ՀՀ 2012թ. պետբյուջեի կատարման ռիսկերի հետ կապված մտահոգությունն ավելանում է, պայմանավորված «Ռուսաստանի և Եվրոպայի տնտեսական աճի տեմպի դանդաղման» ու համաշխարհային շուկայում «մետաղների գների հնարավոր նվազման»՝ «Մոդուս» վարկանիշային կազմակերպության գնահատումներով, որոնք, ի դեպ, նշված էին կառավարության ներկայացրած նախագծում։ Թեմային արձագանքել է նաև «Հայկական ժամանակը», ըստ որի Հայաստանի տնտեսության վերաբերյալ «Մոդուսի» գնահատումներին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «դեռ չի անդրադարձել»։
«Գոլոս Արմենիին» և «Ժողովուրդը» ներկայացրել են ԱԺ երեկվա արտահերթ նստաշրջանի մանրամասներ և այդ կապակցությամբ խորհրդարանական տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների մեկնաբանությունները։
«2-3 տարի անց կհասնենք «մեկ միլիոն զբոսաշրջիկ» շեմին», նշել է «Ազգը»՝ մեջբերելով Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի երեկվա խոսքը։ «Օրակարգը» հավելել է, թե՝ «Առանց մահճակալների Հայաստանը պատրաստվում է 1 միլիոն զբոսաշրջիկ ընդունել»։