չորեքշաբթի, 30 նոյեմբերի 2011
Վարկանիշային կանխատեսումների ժամանակը
Վկայակոչելով Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ բրիտանական Bisniess Monitor Interntional հետազոտական կազմակերպության կանխատեսումները, «Օրակարգը» նախ եզրակացրել է, թե «կառավարությունը կարող է լուրջ խնդիրներ ունենալ 2012թ. բյուջեի կատարման առումով», ապա, մի այլ հրապարակման մեջ, նկատել, թե արտաբյուջետային միջոցների սխալ ծախսման դեմ ժամանակին ընդունված կառավարության համապատասխան որոշումը չի նվազեցրել «պետական միջոցների փոշիացման ռիսկերը»: «Հայկական ժամանակը» «Մոդուս» վարկանիշային ընկերության գնահատականները փորձել է համադրել «արտաքին շոկերի նկատմամբ» Հայաստանի տնտեսության դիմադրողականության վերաբերյալ ֆինանսների նախարարության տեսակետների հետ և... դարձյալ եկել հոռետեսական եզրահանգման: «Հայացքը» ահազանգել է, թե «Վերին Լարսի անցակետում անելանելի իրավիճակ է», և թե «արդեն երրորդ շաբաթը բեռնատարների խցիկներում լուսացնող» վարորդների փոխանցմամբ «առատ ձյունն ու անանցանելի ճանապարհներ ասածը» իրականությանը չեն համապատասխանում: «Ժողովուրդը» Սևանի թերակղզում գտնվող նախագահական ամառանոցի տարածքում զորանոցի կառուցման նպատակով պետբյուջեից գումար տրամադրելու մասին կառավարության որոշմանը անդրադառնալով, այն իր հանգույն բացատրել է, թե` «Կարապետյանները փակել են փողի հոսքերը»:
«Երկիրը» նշել է, որ Վերահսկիչ պալատը ամփոփել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ՊՈԱԿ-ներում իրականացված վերահսկողության արդյունքները, նաև հավելել, որ թեև «բացահայտումները պարբերական բնույթ են կրում», «գողոնն առգրավվում է», սակայն սովորաբար` «հետաքննություն չկա»: ՎՊ-ի բացահայտումներին ըստ յուրո անդրադարձել է նաև «Իրավունքը»` «Հերթական «խաղերը» Սևանի շուրջ»: