ուրբաթ, 2 դեկտեմբերի 2011
Բազմակուսակցական մտորումներ
Վարչապետի այն միտքը, թե «վերևից» հռչակված և հասարակության մեջ եղած արժեհամակարգերի միջև «մեծ ճեղքվածք» կա, «Հայացքին» դրդել է խառնիխուռն դատողությունների, որոնք չէին կարող չավարտվել «Ողբամ զքեզ, հայոց աշխարհ…» հազարամյա սրտաբուխ բացականչությամբ:
Լրատվամիջոցների մնացած դիտարկումները կուսակցական ոլորտից են: Նախ` «ՀՌԱԿ-ն ու Արմենական ՌԱԿ-ը միավորվում են» («Ազգ», «Հայացք»), երկրորդ` քաղ. Հ.Առաքելյանի արձագանքը այդ միավորմանը` «Հիվանդ մարդու թրքաբարո գործողություն» («Հրապարակ»):
Շարունակությունը նույնպես բազմակուսակցական մտորումների տեսք ունի, բայց այս անգամ ՀՀԿ-ԲՀԿ «հակամարտության» համատեքստում. «Ցեղ»-ը դեգրադացվում է», «Բիզնես կլաս» («Ժողովուրդ»), «Միատարր իշխանության ոդիսականը», «Բարգավաճին ՀՀԿ-ն էլ չի օգնի» («Ժամանակ»), «ԲՀԿ-ի երրորդ ընտրությունը» («Երկիր»), «Սամվել Նիկոյանը` ԱԺ նախագահ, Էդուարդ Շարմազանովը` փոխնախագահ» («Ազգ»), «ԱԺ հայտարարությունների տախտակից» («Հրապարակ»): «Հայոց աշխարհը» ՀՀԿ առաջիկա սեմինարի առիթով տպագրել է «Ինչ է ենթադրում հանրապետականի արդյունաբերական ռազմավարությունը» հոդվածը:
«Հայացքը» նույնպես ընթերցողին ներկայացնում է սփյուռքահայ հայտնի գործարարի ՀՀ նախագահի ընտրությանը մասնակցել-չմասնակցելու հնարավորությունը` «Ռալֆ Յիրիկյանը նախագահ չի կարող դառնալ, բայց վարչապետ` запросто»: Այնուհետև թերթը խորհրդածում է իր իսկ հորինած թեմայով:
«Իրավունքը», անդրադառնալով գնաճի վերաբերյալ ԱՎԾ օրերս հրապարակած տվյալներին, նախ չի երկմտել ներկայացնել իր ենթադրությունը, թե «ծառայությունը մի լավ քրտնել է հայաստանյան թանկացումների վերաբերյալ ցուցանիշները քիչ թե շատ պատշաճ տեսքի բերելու համար», հետո դժգոհել գնաճի հաշվարկման նպատակով կիրառվող նոր մեթոդից, որի արդյունքում, ըստ հրապարակման, գնաճի ցուցանիշները արհեստականորեն նվազում են, վերջում եզրակացրել, որ «գլխավոր խնդիրը` մոնոպոլիստական ախորժակները զսպելը, այս տարի էլ չի լուծվել»: «Հայկական ժամանակը» շարունակել է իր որոնումները «օտարերկրյա ներդրումների ուղղվածության միտումների» պարզաբանման ոլորտում և հայտարարել, թե «մեր տնտեսությունը երբեք այսպիսի ճյուղային կենտրոնացվածություն չի ունեցել»` որպես ապացույց նշելով, որ «արտահանվող ապրանքների ավելի քան 70 տոկոսը գունավոր մետաղների հանքաքարն է, թանկարժեք մետաղներն ու քարերը»: «Իրատես դե ֆակտոն» ներկայացրել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի դիտարկումները «Ճգնաժամի նոր փուլի» հնարավոր առանձնահատկությունների, «եվրոյի գոտում տեղ գտած տնտեսական վերջին զարգացումների վերաբերյալ» և եզրակացությունը, որ «եվրոյի գոտին վերպետական կառավարման արդյունավետության բարձրացման կարիք ունի»: «Ազգը» հայտարարել է, որ Քաջարան գյուղի համայնքային սեփականության հողերի մի մասի պատկանելության որոշումից հետո «քաջարանցիները բազմաթիվ նամակներ են ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, սակայն պատասխան մինչ օրս չեն ստացել» («Թույլ չենք տա, որ քարտեզից ջնջեն Քաջարան գյուղը»):