շաբաթ, 3 դեկտեմբերի 2011
Ամեն դեպքում տարին պետք է փակվի
Էկոնոմիկայի նախարարի կանխատեսմամբ 2011-ը «կփակենք ՀՆԱ 5 տոկոս աճով» («Հայաստանի Հանրապետություն»): Եվ ընդհանրապես, Տիգրան Դավթյանը տարին հաջողված է համարել, ինչին չի համաձայնել «168 ժամը»: Խնդրո առարկայի վերաբերյալ որոշակի կասկածներ է հայտնել «Հրապարակը», չնայած ընդամենը ամփոփել է տնտեսական շաբաթը: Իշխանության վերին ատյանների խոստումները «անկատար» է համարել «Ժողովուրդը»:
«Հայոց աշխարհն» արձանագրել է, որ «բյուջեն եկավ վերջնական տեսքի` համալրվելով ևս 1.6 միլիարդով»: Ընդունելով այս փաստը, «Գոլոս Արմենիին» այնուամենայնիվ այն կարծիքին է, որ «մեր ունեցածն ընդամենը աղքատ երկրի գոյատևման բյուջե է» («Բյուջե 2012. աղբյուրներն ու հեռանկարները»):
Եվ եթե ՀՀԿ վաղվա տնտեսական համաժողովը էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ կսահմանի «տնտեսական քաղաքականության նոր ուղեծիրը» («ՀՀ»), ապա «168 ժամը» վիճարկում է այս տեսակետը` «Հետաքրքիր «հերթականների» շարքից», իսկ «ՀԺ»-ն նույնիսկ «վտանգավոր» է համարում իշխանության կողմից երկրի տնտեսության զարգացման գերակա ճյուղերը սահմանելը` «Խրուշչովի ուրվականը»:
«Օրակարգը» փորձել է պարզել Եվրազեսի հակաճգնաժամային հիմնադրամի` Հայաստանին վարկային միջոցներ հատկացնելու հարցը, բայց ապարդյուն. ուրեմն, եզրակացրել է թերթը, «Նաիրիտի» արդիականացման ծրագրերը կմնան թղթի վրա»: Խնդրին հպանցիկ անդրադարձել է «Նոր ժամանակներ» կուսակցության վեցերորդ համագումարը, իսկ առաջնորդ Արամ Կարապետյանը նշել է, որ «մյուս տարվա բյուջեում նախատեսված բարձրացումները չենք էլ նկատի, գնաճն ամեն ինչ միանգամից կտանի» («Առավոտ»): Ելքը մեկն է` «ՀՀ-ն անվերապահորեն պետք է միանա Եվրասիական տնտեսական միության ստեղծման հուշագրին» («ՀԺ»):
«Առավոտն» անդրադարձել է նաև ԱԺ նոր ղեկավարության ընտրությանը` զրույցի հրավիրելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավարին: Վերջինս ասել է, որ Սամվել Նիկոյանը «կայծակնային արագությամբ փորձում է վավերացնել կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերը», մինչդեռ նախկինում ԱԺ-ն դրանց «ժամանակ առ ժամանակ դիմադրություն էր ցույց տալիս»: