ուրբաթ, 23 դեկտեմբերի 2011
Ամփոփելով ամփոփում ենք…
Ճիշտ ժամանակն է տարվա արդյունքներն ամփոփելու, և դա անում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը` «Նոր ատոմակայանի կառուցման գործընթացն սկսված է» («Ազգ»), «Իրանի հետ էներգետիկ ծրագրերը դանդաղում են» («Հայոց աշխարհ»), «Էներգահամակարգն անշեղորեն զարգանալու է» («ՀՀ»), «Մովսիսյանը և յուր քլունգը» («ՀԺ»), «Մինչ նոր օպերատորի գալն ինչո՞վ ապրեն «Նաիրիտի» աշխատակիցները» («Հայացք»): Մյուս նախարարների հպանցիկ պատասխաններն են փոխանցում «Հրապարակը» («Ի՞նչ ցավ էր պատել նախարարներին»), «Հայացքը» («Ի՞նչ են երազում և բարեմաղթում նախարարները»): Տարին ամփոփելով ամփոփում են «Ժողովուրդը» («Աղքատությունը հիմի դու տես»), «Իրավունքը» («Նապաստակի տարվա տնտեսական առանձնահատկությունները»), Հրանտ Բագրատյանը («Причем тут համաշխարհային ճգնաժամը»- «Հայացք»), Արտաշես Գեղամյանը. վերջինիս կարծիքով 2011թվականին «տապալվել է կարևորագույն այնպիսի ոլորտ, ինչպիսին է աղքատության էական հաղթահարումը» («Իրավունք»):
«Հայաստանն էլի տուգանվեց»,- ազդարարում է «Ժողովուրդը»` փոխանցելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, որոնցով «ՀՀ կառավարությունը հերթական անգամ պետք է փոխհատուցի իր քաղաքացիներին` նրանց նկատմամբ անարդար քայլեր կատարելու և անարդար վճիռներ կայացնելու համար»: Իսկ ահա Fitch-ը գոհ է Հայաստանի բյուջեի պակասուրդի կրճատումից` «Եվրագոտին ԱՊՀ-ին շատ վնաս չէ» («Օրակարգ»): Այս թերթը տարին ամփոփելու խնդրանքով դիմել է «Առավոտի» գլխավոր խմբագրին` հարցնելով, թե ի՞նչ կաներ Արամ Աբրահամյանը, եթե իշխանության լիներ. «Եթե ես լինեի իշխանություն, հաջորդ օրն իսկ հրաժարական կտայի»,- պատասխանել է նա: