չորեքշաբթի, 28 դեկտեմբերի 2011
Մարտադաշտում երկուսն էլ զինվոր են
«Հայաստանի Հանրապետությունը» մանրամասներ է ներկայացրել երեկ հրավիրված «տարեվերջյան ամփոփիչ ասուլիսներից». էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը մասնավորապես նշել է, որ 2011-ը շրջադարձային է եղել արդյունաբերության ոլորտում, «Հայաստանից գործարարների արտահոսք չկա», «2012-ը ազատ տնտեսական գոտիների տեսակետից կլինի ակտիվ», ՀՀԿ-ական խորհրդարանական Գագիկ Մինասյանը հավելել է, որ, ինչպես թույլ է տալիս պնդել ԱՎԾ հրապարակած այս տարվա 11 ամիսների տնտեսական ցուցանիշների ամփոփումը, «տնտեսությունը դուրս է գալիս զարգացման նոր փուլ», ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության պետ Սոնա Ղարիբյանը` հավաստիացրել, որ «ՀՀ պետական բյուջեն կատարվելու է ողջ ծավալով»:
«Միամիտ չլինեք». զգուշացրել է «Հայկական ժամանակը» և «փորձել ամփոփել տնտեսական տարին»` ներկայացնելով դիվերսիֆիկացիայի, կոռուպցիայի, մենաշնորհների գոյության վերաբերյալ սեփական պատկերացումներն ու տեսակետները: Երկու այլ հրապարակումներում թերթը Առողջապահության նախարարի խորհրդական Վահան Պողոսյանի` փոխնախարարի պաշտոնում նշանակումը որակել է «ընդդեմ նախարարի», փոխանցել նաև ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանի մտահոգությունները և բողոքները: