հինգշաբթի, 29 դեկտեմբերի 2011
Վիշապի տարին բախեց դուռս
Տպագիր մամուլի անդաստանում հարաբերական անդորր է: Լրատվամիջոցների մեծ մասն իր հանգույն ամփոփել է անցնող տարին, մյուսներն ամանորյա տոնական հանգստից առաջ վերջին վրձնահարվածներն են հասցնում 2011-ի ներկապնակին, որը ոմանց համար գունեղ էր, հանգրվանային, բեկումնային, ուրիշների համար` տապալված, սովորական, «մուտիլովկա»-ներով լի:
Տարվա վերջին համարը թողարկող «Հայաստանի Հանրապետության» համար «2011-ը հաջող տարի էր, 2012-ը կլինի ավելի հաջող»: Այս վերնագրի ներքո թերթը ներկայացնում է ՀՀ նախագահի և գործարարների նախաամանորյա հանդիպման մանրամասները. աշխարհի, մանավանդ Եվրոպայի ֆինանսական ճգնաժամի պայմաններում Հայաստանը կանգնեց տնտեսական աճի ճանապարհին, և գործարար աշխարհը 2012-ի մարտահրավերները դիմակայելու լուրջ միտումներ է տեսնում:
«Առավոտը» անցնող տարին փորձել է ամփոփել ԶԼՄ գործընկերների միջոցով: Եթե Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նվաճում է համարում քաղբանտարկյալների ազատ արձակումը, ընդդիմության համար հանրահավաքների ազատության ապահովումը, ապա «Երկիր-մեդիա» հեռուստաընկերության պատասխանատու Գեղամ Մանուկյանն ամենամեծ ձեռքբերում է համարում հայկական ֆուտբոլի հաղթանակներով ոգևորությունը, հընթացս դժգոհելով կառավարության գործունեությունից. «Հաստատել արդարություն ու հաստատել արդարություն»: Ավարտվող տարվա քաղաքական իրադարձությունները «Հայոց աշխարհ» թերթի միջոցով ամփոփել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Մեկ այլ հրապարակմամբ «Հայոց աշխարհը» ահազանգում է, որ դրամի զանգվածի աճի պատճառով խախտվել է շուկայի հավասարակշռությունը: «Առավոտի» մատուցմամբ էլ գերմանական «Քրոնիմետ Մայնինգը» որոշել է սոցիալական լուրջ պատասխանատվություն ստանձնել մեր երկրում, տարեկան 270մլն. դրամի աջակցություն խոստանալով Քրոնիմետ հիմնադրամից:
Անցնող տարվան, «Հոգու ճիչ» խորագրի ներքո, յուրօրինակ գնահատական է տվել «Հայոց աշխարհը». ոչ միայն հրապարակման հեղինակը, այլև ընթերցողն իսկապես հոգնել են, շաբաթներ շարունակ հետևելով տարեվերջյան ամփոփիչ ասուլիսների, հարցազրույցների բարձրաձայն մտորումներից, ուստի առավել ուշադրություն է դարձնում մամուլի այն հրապարակումներին, որոնք հուշում են` ինչպես դիմավորել վիշապի տարին, ինչպես զարդարել տոնական սեղանները, ինչ հագնել և ինչ նվիրել: Եվ ամենակարևորը, ինչ է մեզ սպասվում 2012-ին: Միանալով տոնական հանգստի մեկնող մեր գործընկերների մաղթանքներին` Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: