չորեքշաբթի, 11 հունվարի 2012
Վերջապես…
«ՀԺ»-ն որոշ հույսեր է կապում ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաջիկա գործունեության հետ: Մասնավորապես, թերթն ակնկալում է ստանալ իր այն հարցի պատասխանը, թե Ծաղկաձորում գտնվող շքեղ դղյակներից մեկը, որի լուսանկարը տպագրել է, իրո՞ք պատկանում է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին: Այս կետում էլ ավարտվում է «ՀԺ»-ի ակնթարթային լավատեսությունը, քանի որ հանձնաժողովի ստեղծումը, և ոչ միայն, թերթը համարում է «նախընտրական բեմադրություն»: «Երկիրն» իր հերթին անուրանալի խորաթափանցություն է ցուցաբերում` «վստահաբար» թվարկելով ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին երեք անունները` ՀՀ նախագահ, ՀՀ վարչապետ, Երևանի քաղաքապետ: Թերթն այս եզրակացության է հանգել` ուսումնասիրելով ճրագալույցի պատարագի ժամանակ Սբ. Սարգիս եկեղեցում արված լուսանկարը: Իսկ ահա Ռազմիկ Զոհրաբյանը «Առավոտի» թղթակցին ասել է, որ հանրապետականը ոչ միայն չի զլանում «օգտվել ընդդիմության առաջարկներից», այլև ընդհանրապես այսօրվա ՀՀԿ-ն 2007-ի ՀՀԿ-ն չէ: Այս թերթը մեջբերում է նաև Հրանտ Բագրատյանի այն ինքնատիպ միտքը, թե ավանդների վերադարձման հարցում ՕԵԿ-ի որդեգրած դիրքորոշումը քարոզչություն էր, իսկ ՀԱԿ-ինը` ոչ:
Շարունակելով 2011-ի տնտեսական արդյունքների վերլուծությունը, «Ազգը» ցավում է, որ չնայած «արտահանումն ավելացել է, բայց դրա կառուցվածքը որակապես չի փոխվել»: «Օրակարգն» էլ արձանագրում է, որ կենտրոնական բանկը տարին «չափավոր զգուշությամբ է սկսում»` «Չհավատալով վիճակագիրներին»: «Իրավունքը» հետաքրքրությամբ հետևում է ՀՀ վարչապետի և 25-ամյա քաղաքագետ Հրանտ Միքայելյանի` «բլոգստանում» ծավալված «կիրթ, սակայն չափազանց սուր բանավեճին»:
Քաջարանի գյուղապետի վերջին հայտարարության վերաբերյալ կարծիք է հայտնում Մաքսիմ Հակոբյանը. «Էդ հողերը մեզ հիմա պետք չեն», «Էդ գյուղում ինձնից բացի ոչ մեկը գործ չի արել»: Եվ այլն: