հինգշաբթի, 19 հունվարի 2012
Տեսակետների խաչմերուկ
«Օրակարգը» գրել է, թե իր կարծիքով ՊԵԿ-ի կողմից հրապարակվող խոշոր հարկ վճարողների տարեկան ցանկերի ուսումնասիրությունը «չի հաստատում կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի երեկվա հայտարարությունը, ըստ որի խոշոր հարկատուների մասնաբաժինը հավաքագրված հարկերի ընդհանուր ծավալում վերջին 3 տարվա ընթացքում աճել է մինչև 60 տոկոս»։ Բյուջեի եկամուտների թեմային անդրադարձել են նաև «Երկիրը» («Խոշորներն ավելի՞ են խոշորացել») և «Հայոց աշխարհը» («Բյուջեի գերակշիռ մասը կապահովեն խոշորները»)։ «Ժամանակի» հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկայացրել է իր տեսակետները ՀՀ արտաքին պարտքի սպասարկման, տնտեսության վերաբերյալ ՀԲ և միջազգային հեղինակավոր այլ կառույցների ներկայացուցիչների գնահատականների վերաբերյալ, միաժամանակ նշել, թե «քանի որ կախված ենք տրանսֆերտներից, պետք է ապահովենք արտագաղթ»։ Նույն պարբերականում մեկ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, անդրադառնալով եվրագոտում խնդիրների ազդեցությանը Հայաստանի վրա, հայտնել է տեսակետ, որ «մեր երկիրը լայն առումով եվրոպական տնտեսությանը ինտեգրված չէ» և «հետևաբար, մեծ ռիսկ չի կարող լինել» («Եվրոպան ավելի ուժեղացած դուրս կգա ճգնաժամից»)։ Ըստ «168 ժամի», հակառակը, «ճգնաժամը կդիմավորենք ավելի խոցելի դիրքերից». Վկայակոչելով ՀԲ-ի տեսակետը, որ «բարձր եկամուտ ունեցող երկրներում լուրջ ճգնաժամը կարող է ճնշում գործադրել» հանքահումքային ապրանքների արտահանումից և դրամական միջոցների ներհոսքից կախված «երկրների պետական հաշիվների վրա», թերթը կարծիք է հայտնել, թե դա «տիպիկ Հայաստանի մասին է»։
«Կյանքն ամեն րոպե թանկանում է». գրել է «Երկիրը», անդրադառնալով որոշ ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերի կիրառմանը։ Մի այլ հրապարակման մեջ թերթը «ՀՀԿ-ի առաջարկած դիլեմա» է որակել «խորհրդարանական ընտրություններին առանձին գնալու մասին» կուսակցության կայացրած որոշումը» այս օրերին հրապարակելը։
«Միավորված հայերը» հրապարակել է արդյունաբերության ոլորտում ՀՀ կառավարության գործունեության վերաբերյալ համանուն կուսակցության տեսակետը որպես «վերլուծական»։