շաբաթ, 21 հունվարի 2012
Երբ չեն համընկնում ցանկությունն ու հնարավորությունը
Իրեն «մեդիամագնատ» հայտարարած մի ոմն քաղաքացի, որը, ըստ «Առավոտի», Արարատի մարզպետ և շատ այլ բաներ դառնալու անթաքույց ցանկություն ունի, իրեն պատկանող կայքերում վարչապետի հասցեին վիրավորական հոդվածներ է տեղադրել։ Թերթը պարզել է, որ ոմն քաղաքացին «ուղղորդվում է նախկին բարձրաստիճան մի պաշտոնյայի կողմից, ում վարչապետ դառնալու ցանկությունը «փորում մնաց»։ Մանրամասն տեղեկությունները կներկայացվեն։
«Ժողովրդի» այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք պաշտոնաթող լինել, «հանրապետական քվոտայով մշակույթի նախարարը» պատախանել է՝ «իսկ ինչո՞ւ պիտի պաշտոնանկ լինեմ, … ես համարում եմ, որ բազում խնդիրների հետ լուրջ գործընթացներ եղան մշակույթի ոլորտում»։ Իր ղեկավարած ոլորտի մասին, ըստ «Գոլոս Արմենիի», գրեթե նույն կարծիքի է գյուղատնտեսության նախարարը. թերթն ի մի է բերել «ագրոտարվա լույսն ու ստվերը»։ Խոշոր հարկ վճարողների նոյեմբեր ամսվա ցուցանիշների հրապարակումը «168 ժամին» դրդել է վերլուծել նշված ժամանակամիջոցի արդյունքը և եզրակացնել, որ «խոշորների վիճակը վատ չէ»։ «Առանց որևէ մեկին զգուշացնելու» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և Քաջարան գյուղ այցելած «Առավոտը» ընթերցողին է ներկայացրել այցի արդյունքը. «Գյուղն ընդդեմ կոմբինատի, բայց հանուն ինչի՞»։ Գյուղապետ Ռաֆիկ Աթայանը կոմբինատից «մասնաբաժին» է ուզում, իսկ Մաքսիմ Հակոբյանը կարծում է, որ այս պատմության մեջ «մութ ուժեր» կան։
Կառավարության նիստում վարչապետի ելույթից «Հրապարակն» այն տպավորությունն է ստացել, որ «ամենակարևորը այդ անիմաստ կտրոնների վաճառքն է, իսկ դրանց վրայի կնիքները հեչ էլ պարտադիր չեն… Մի նեղացրեք վարորդներին, որոնք կաշվից դուրս գալով լցնում են բյուջեն»։
«Երկիրը», «Ժամանակը» և մի քանի այլ լրատվամիջոցներ լուսաբանել են համամասնական ընտրակարգին նվիրված համաժողովի աշխատանքը. «մինչ այս իշխանությանը, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը այսպիսի ներկայացուցչական կազմով նույն դահլիճում երբևէ չէինք տեսել»։