երեքշաբթի, 24 հունվարի 2012
Թանկից էժանը չկա…
«Հայացքը» տեղյակ է, որ «Քեթրինի» Միհրան Պողոսյանը խիստ զայրացրել է վերին իշխանություններին: Նա պետական մակարդակով սելիտրա էր ներկրում Հայաստան` կառավարությանը հավատացնելով, որ իր բերած ապրանքն ամենաէժանն է»: Սակայն, իբր, պարզվել է, որ դա այդպես չէ, և ՏՄՊՊ հանձնաժողովն այսօրվա նիստում արձագանքելու է նշված հարցին:
«ՀԺ»-ի տեղեկացմամբ Վարդան Օսկանյանը ԱԺ առաջիկա ընտրությանը «կարող է լինել ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը»:
«Հրապարակը» տեղյակ է և ընթերցողին տեղեկացնում է, որ ՀՀԿ-ում Արարատի մարզի համակարգողը լինելու է ՀՀ վարչապետը, իսկ «Արտաշատում շրջանառվող խոսակցությունների համաձայն» ԱԺ նախկին նախագահի կողմնակիցներն արդեն «բացահայտ աշխատում են ԲՀԿ-ի օգտին»: Դրան, ըստ թերթի, նպաստում է նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«168 ժամի» հարցերին պատասխանել է Կարինե Դանիելյանը. «Այս տարիների ընթացքում համոզվել ենք, որ անվերահսկելի շուկան հակաէկոլոգիական, հակասոցիալական է»:
«Գոլոս Արմենիին» անդրադարձել է կառավարության 2012թ. գործունեության ծրագրին և գերակայություններից մի քանիսին` «Խելացի ռեզերվներ, որոնք կառավարությունը կհայթայթի ոչ միայն գետնի տակից»:
«Ազգը» տեղեկացրել է, որ, նկատի առնելով բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և կատարված բարեփոխումների արդյունքները, ՀԲ խմբի անդամ Միջազգային ֆինանսական կոորպորացիան իրականացնելու է «բարելավման նոր ծրագիր… առաջիկա 2-3 տարիների ընթացքում», նաև նշել , թե «ինչ պետք է փոխվի Հայաստանի գործարար միջավայրում»:
Ըստ «Հայոց աշխարհի» թեև «գնաճային ճնշումները թուլացել են», սակայն ԿԲ-ը «չի շտապում էժանացնել փողը», մինչդեռ «թվում էր, որ թույլ գնաճային ճնշումների պայմաններում կենտրոնական դրամատան առաջնային խնդիրը պետք է լիներ տնտեսության աշխուժության համար բարենպաստ պայմանների ստեղծումը»:
«Հայկական ժամանակը» անդրադարձել է ներմուծվող սարքավորումների` սահմանի վրա վճարվելիք ԱԱՀ-ից ժամանակավորապես ազատման մասին կառավարության սահմանած ընթացակարգին (կառավարության որոշմամբ) և այն իր հանգույն համարել է «կամայական», քանի որ թերթի կարծիքով «անհասկանալի է», թե «ինչ չափանիշներով է առաջնորդվում կառավարությունը»:
«Օրակարգը» նշել է, թե իրենց գործունեության առաջին տարին «ավտոապահովագրողները նախատեսվածից շատ եկամուտ են ունեցել վարորդների հաշվին»: «Երկիրը» ավտոապահովագրության ու մեքենաների օգտագործման հիմնախնդիրներին արձագանքել է «ԱՊՊԱ թվախաղեր» և «Կմթերեմ կոտոշներ և սմբակներ» հրապարակումներով: