հինգշաբթի, 26 հունվարի 2012
ԱՎԾ-ն մամուլի «մանրադիտակի» տակ
«Ազգը» վկայակոչել է ԱՎԾ հրապարակած ցուցանիշները, ըստ որոնց Հայաստանի տնտեսական ակտիվությունը աճել է 5.9 տոկոսով, «արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն ունեցել են երկնիշ աճ, շինարարությունը` երկնիշ անկում», աճ է նկատվել նաև մանրածախ առևտրում ու ծառայությունների ոլորտում և այլն: «168 ժամը» ներկայացրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի բացասական ու մերժողական վերաբերմունքը, թե ներկայացված թվերը «պարզապես բլեֆ են»: Թեմային անդրադարձել են նաև «Կապիտալը» («Թիվ շինողներ»), «Ժամանակը» («Կառավարության քաղաքականությունը ճգնաժամային է») և «Հայկական ժամանակը» («Ռեմբրանտը կնախանձեր»):
Ըստ «Երկիրի», քանի որ «Նաիրիտի» կառավարման օպերատորի մրցույթի միակ հայտատու գերմանական CAC ընկերության գործունեության մանրամասները հայտնի չեն, ուստի առաջանում են «հանրության մեջ կասկածները», թե իբր «կառավարության առաջնային նպատակը ոչ թե «Նաիրիտի» արտադրական կարողությունների վերականգնումն ու նոր շուկաների ձեռքբերումն է, այլ «ԵվրԱզԷս»-ից ամեն գնով մի քանի հարյուր միլիոն դոլար կորզելը»: «Ժողովուրդի» տեղեկություններով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «ՀՀԿ-ական նախարարներին հրավիրել է խորհրդակցության», որի ընթացքում քննարկվել են «առաջիկա ընտրություններին առնչվող թեմաները»: «Հայացքը» անդրադարձել է Արդարադատության նախարարի երեկվա ասուլիսին, մասնավորապես նշելով, որ Հրայր Թովմասյանը ներկայացրել է «ոլորտի գերակա խնդիրները» և խոստացել «ծառայությունների բարելավում»: «Օրակարգի» փոխանցմամբ «Հայաստանում տնտեսական աճի ապահովման» նպատակով ԱՄՆ-ը ցանկանում է վերականգնել «Արտոնությունների ընդհանրացված ու համալրված համակարգի» (GSP) կիրառումը, որի կարևոր պայմաններից մեկը «Հայաստանից ուղիղ Միացյալ Նահանգներ» ապրանքների առաքումն է: