հինգշաբթի, 2 փետրվարի 2012
«Նախընտրականից» անդին
ԱՎԾ «Սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2012թ. հունվարին» հրապարակման տվյալները նկատի ունենալով (ամսվա ընթացքում գրանցվել է վերջին յոթ տարվա ընթացքում ամենաբարձր գնաճը` 3.6 տոկոս), «Օրակարգը» հեգնել է` «Գնաճը դուրս է եկել զբոսանքի»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է, ըստ ԱՎԾ հրապարակման, եկամուտների և ծախսերի մասով 2011թ. պետական բյուջեի թերակատարման հիմնախնդրին («Դրամաշնորհներն են մեղավոր կամ ինչու է թերակատարվել 2011թ. բյուջեն»): ԱՎԾ երեկվա հրապարակումներին արձագանքել է նաև «Հայկական ժամանակը», ըստ որի «սննդամթերքը թանկացել է 21.4 տոկոսով». «Հայացքը» պարզապես հանդես է եկել մռայլ գուշակությամբ, թե ` «նորից թանկացումներ են», և «խոշոր հարկատուները կհարկվեն… ժողովրդի հաշվին»: Ըստ «Օրակարգի» «Ռուսգոստրախ Արմենիա» ավտոապահովագրական կազմակերպությունը գերշահույթի մասին խոսակցությունները որակել է «միֆ»:
«Հայկական ժամանակը» գյուղատնտեսական տեխնիկայի համար նախատեսված դիզվառելիքի մի մասի կառավարության կողմից հնարավոր սուբսիդավորումը, ըստ «ճաշակի յուրո» վիճարկելով, եզրակացրել է, թե «էժան վառելիքի» մեծ մասը «հայտնվելու է ազատ վաճառքում» և ըստ այդմ էլ եզրակացրել, թե «գյուղացու շահը» այստեղ «մի քիչ չի հասկացվում»:
«Օրակարգը» և «Հայոց աշխարհը» անդրադարձել են Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի երեկվա մամուլի ասուլիսի մանրամասներին, նշելով գերատեսչության գերակայություններն ու ակնկալվող աշխատանքները («Հյուսիս-Հարավ» ճանապարհի առաջին երկու տրանշների շինարարություն, հեռուստատեսության թվայնացման ուղղությամբ գործընթացներ և այլն): «Առավոտում» ՏԲՎՏ կենտրոնը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիների ընթացքում արդյունավետ կառավարման շնորհիվ արձանագրված դրական արդյունքները, կառավարության նախաձեռնությամբ մատչելի գնով ազոտական պարարտանյութի ներմուծման և շուկայականից ցածր գնով հողօգտագործողներին տրամադրման կազմակերպման գործընթացը. «Երբ ցանկությունն ու հնարավորությունները համընկնում են»:
«Ժողովուրդը» զրուցել է օրերս Քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակված` «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի հետ («Հոգով ընդդիմադիրը` իշխանությունում»): «168 ժամը» շարունակել է ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների «սեփական վերծանումը». «Սատարեք զմիմյանս» և «Առաջ դեպի նոր հուշագիր», այս անգամ արդեն` ըստ լրագրողների հետ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի երեկվա հանդիպման մանրամասների: