ուրբաթ, 3 փետրվարի 2012
«Այցելվածն» ու «չայցելվածները»
«Դե ֆակտո իրատեսը» վերջապես պարզել է, որ վարչապետն իր ծննդյան օրը նշել է «երեկոյան, տանը, շատ ջերմ, անմիջական միջավայրում, այսպես ասած սրտակից «հարևաններով», հանգամանք, որն, ըստ թերթի, «դուր չի եկել էլիտայից ահագին ժամանակ դուրս ընկածներին, որոնք նույնպես էս օրերին ծնվեցին ու չայցելվեցին»…
Բայց և այնպես մեծաքանակ ու տարատեսակ արձագանքներ են տվել կառավարության երեկվա նիստը և դրան հաջորդած մամուլի ասուլիսները. «Ստեղծվում է առաջին ազատ տնտեսական գոտին» («ՀՀ»), «Ընտրությունից առաջ մեր կառավարությունը բարիացել է», «Ըստ վարչապետի` աղքատության հաղթահարման լավագույն ձևը կրթություն ստանալն է» («Հայացք»), «Կրթություն բանակում և ուսման վճար` աղքատ ընտանիքների երեխաներին», «Գյուղացիների դիզվառելիքը պետությունը կսուբսիդավորի» («Ազգ»), «Հնչեցվել են քաղաքական կարևոր որոշումներ», «Կրթության մատչելիությունը աղքատության հաղթահարման երաշխիքն է» («ՌԱ»), «Պետբյուջեն` ՀՀԿ-ի նախընտրական ֆոնդ», «Ածուխը` Ղարաբաղից, դիզվառելիքը` Ֆլեշի Բարսեղից» («Երկիր»), «Բրոքեր հանրապետականը», «Ազատ գոտի անազատ երկրում» («Ժամանակ»), «Կառավարության նիստերը` նախընտրական քարոզարշավի բաղկացուցիչ» («Հրապարակ»), «Գեբելսյան տեռորի սպասելիս», «Ֆլեշը» եռակի եկամուտ կստանա («Ժողովուրդ»), «Չեն հավատում հողմերին վայրագ» («Օրակարգ»), «Լվացքի» հոտ է գալիս» («ՀԺ»):
«Հրապարակի» առաջին իսկ էջում հայտնի է դարձել, որ «Դե ֆակտո» ամսագիրը տարվա նախարար է ճանաչել Սերգո Կարապետյանին:
«Օրակարգը» տեղեկացրել է, որ ըստ առևտրային բանկերի անցած տարվա գործունեության վերաբերյալ ԿԲ ցուցանիշների «բանկերը 2011թ. էապես մեծացրել են վարկավորումը» և իր հերթին հարցրել` «Թանկ փողո՞վ»: Մի այլ հրապարակման մեջ թերթը, վկայակոչելով ՀՌԿԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետազոտությունները, գրել է, թե «Հայաստանում տեղեկացված բնակչությունն ավելի քիչ է վստահում կառավարությանը»: «Իրատես դե ֆակտոյում» տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն առաջարկել է ապահովագրական համակարգի զարգացման հիմնահարցի լուծման թվով 7 առաջարկ, «Ռեսպուբլիկա Արմենիան» հավելել է, թե պետք է «վերականգնել զարգացած արդյունաբերական երկրի կարգավիճակը»:
Ըստ նախընտրական ժամանակաշրջանում «Ժողովուրդի» «լավատեղյակ աղբյուրների» առաջիկա ընտրության քարոզարշավին ակտիվորեն մասնակցություն են ունենալու Արտակարգ իրավիճակների, Կրթության և գիտության և Քաղաքաշինության նախարարները: «Հայացքը» փոխանցել է Արծվիկ Մինասյանի հայտարարությունը, որ ՀՅԴ կուսակցությունը «կոալիցիա վերադառնալու ցանկություն չունի», «եթե գա էլ, ապա` ամբողջական իշխանության…»:
«Իրավունքը» փորձել է ներկայացնել «ներկոալիցիոն զարգացումների» իրեն հայտնի «հնարավոր սցենարները» («Քոչարյանի ֆենոմենը և ընտրությունները»), «Երկիրը» և «Ժամանակը» շարունակել են իրենց «վերլուծականները» Վարդան Բոստանջյանի` նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանին սատարելու և ըստ այդմ ստեղծված «բավական հետաքրքրական իրավիճակի» մասին:
«Ժողովուրդի» կարծիքով «երկրի համար վիրավորականն այն է, որ մեծ բանաստեղծի անունն այսուհետ առնչվելու է Վարդան Ղուկասյանի անվանը»: Գրեթե նույնն է ասում «Առավոտի» գլխավոր խմբագիրը. «Եթե Վարդանիկն է այդ տունը գնելու, ապա, կներեք, այդ տունն անձամբ ինձ պետք չէ»: