երեքշաբթի, 7 փետրվարի 2012
Օրինագծերի «նախընտրական» ճանապարհը
«Հայաստանի Հանրապետությունը», անդրադառնալով խորհրդարանի երեկվա նիստի աշխատանքին, մասնավորապես կառավարության ներկայացրած «հակակոռուպցիոն բնույթի օրինագծի չընդունմանը», ներկայացրել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներ Գալուստ Սահակյանի և Գագիկ Մինասյանի տեսակետները` «ԲՀԿ մոտեցումներն անհասկանալի են»: Թեմային ըստ իրենց «ճաշակի և նախասիրությունների» արձագանքել են նաև «Ժողովուրդը» («Նիկոյանը տարին սկսեց տապալումով»), «Երկիրը» («Կառավարության առաջին տապալումը ԱԺ-ում»), «168 ժամը» («Կանխիկ կսմիթներ կոալիցիոն գործընկերներին»), «Հրապարակը» («Վարչապետ Սարգսյանը խորհրդարանական մեծամասնություն չունի») և «Հայկական ժամանակը» ըստ որի իբր` «ՀՀԿ-ն երեկ խայտառակ եղավ»: «Իրատես դե ֆակտոյում» տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, տնտեսության ոլորտում «վերջին տարիներին տեղ գտած զարգացումների մասին ավելի ամբողջական պատկերացում» տալու ակնկալությամբ, համադրել է նախորդ տարիների մակրոտնտեսական ցուցանիշները, նշել որ «ընդհանուր առմամբ դրական աճ է արձանագրվել», միաժամանակ ընդգծել, որ «հարցերի հարցը մնում է չափորոշիչների ընտրությունը», ինչը թույլ կտա հիմնավորել, թե իրականում որոնք են «Հայաստանի համար մրցակցային առավելությունները կազմող ապրանքներն ու ծառայությունները»:
Ըստ «Օրակարգի» ՊԵԿ-ի` հինգշաբթի օրը հրապարակած «խոշոր հարկատուների ցանկը» ինչ որ առումով «արտահայտում է նաև տնտեսության կառուցվածքի բոլոր համամասնություններն ու անոմալիաները»: Թեմային անդրադարձել են նաև «Իրավունքը», ըստ որի «կամ պաշտոնական թվերն են սխալ, կամ տեղի է ունեցել «ստվերի» էական աճ», և «Հայոց աշխարհը», որի կարծիքով թեև «հարկատուների վճարներն ավելանում են», սակայն մտահոգիչ է նաև, որ «ի հաշիվ ներմուծման, այսպես ասած, սեղմվում է ներքին արտադրությունը»:
Լրագրողների հետ երեկվա հանդիպման ժամանակ հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի` արդյունաբերական ու գյուղատնտեսության ոլորտներում նախորդ տարի գրանցված աճին վերաբերող գնահատականներին «Երկիրը» անդրադարձել է «Եկամուտները չեն հասնում գնաճի հետևից» հրապարակման մեջ»: Մի այլ հոդվածում թերթը հայտարարել է, թե «բուժհիմնարկներն ավելի քիչ են սոցվճարներ մուծել, քան որոշ ուսումնական հաստատություններ»: