չորեքշաբթի, 8 փետրվարի 2012
Համագործակցությունը որպես ուղիղ ճանապարհ
«Ազգը» անդրադարձել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի հանդիպմանը և երկու երկրների համագործակցության ծրագրերի վերաբերյալ նրանց հայտարարություններին, գրել, որ նախանշվում են գործակցության «նոր ուղղություններ ագրոարդյունաբերության համալիրում»: «Օրակարգը» հավելել է, որ ՌԴ փոխվարչապետը նշել է Հայաստանում ռուսաստանյան «Ռոսսելխոզբանկ»-ի ներկայացուցչություն հիմնելու մտադրության մասին: Երկու այլ հրապարակումներում թերթը նկատել է, թե անցյալ տարվա ընթացքում «հեռահաղորդակցության շուկայի ֆիզիկական ծավալների զգալի աճը լուրջ ազդեցություն չի ունեցել պետբյուջեի վրա», և որ ԿԲ խորհուրդը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8 տոկոս»` «չցանկանալով էժանացնել փողը»: «Հայացքը» Հանրային խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված գործարարների և ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանի երեկվա հանդիպում-քննարկումից եկել է այն եզրահանգման, թե իբր գործարարները «չեն հավատացել հարկայինի «լոլոներին» և «պատասխանները «լղոզված» համարել»:
«Առավոտը» այս տարվանից գործող հանքերի հարկման նոր օրենքի արդյունավետության մասին զրուցել է Հրանտ Բագրատյանի հետ և հրապարակել վերջինիս համոզումը, թե «կատարված փոփոխությունն իզուր է, քանի որ պետությունը դրանից առանձնապես չի շահելու»:
«Հայոց աշխարհը» փորձել է պարզաբանել, թե «ինչու ձախողվեց կանխիկ գործարքների սահմանափակում» նախատեսող օրինագիծը խորհրդարանում և ի վերջո հանգել եզրակացության, թե «տնտեսությունն ու հասարակությունը պետք է պատրաստ լինեն դրան»: Ըստ «Հայկական ժամանակի» «կառավարությունը հզոր քարոզարշավ է սկսելու»` հանձինս էկոնոմիկայի նախարարությունում մշակված «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի, որը նախատեսում է սահմանափակել «սուպերմարկետների կառուցման հնարավորությունները»: «Երկիրը» և «Առավոտը» միևնույն խորագրով անդրադարձել են արտաքին քաղաքականության վերաբերյալ ԱԺ-ում ՀՅԴ խորհրդարանական Վահան Հովհաննիսյանի երեկվա դիտարկումներին. «ԱԺ-ն պարտակում է կառավարության սխալները»: «Խորհրդարանի աշխատանքները երեկ սկանդալով սկսվեցին», գրել է «Հայկական ժամանակը» իր որակմամբ` «սկանդալին» արձագանքելով երկու հրապարակմամբ` «ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը» և «ԲՀԿ-ն ընդունում է մարտահրավերը»: Խորհրդարանի երեկվա արտասովոր անցուդարձին երկուական հրապարակմամբ անդրադարձել են նաև «Ժողովուրդը» («ԲՀԿ-ի խաղը` կոալիցիայի հաջորդ դասին» և «ԲՀԿ-ն ընդդեմ իշխանության»), «Երկիրը» («Կարկանդակներ խորհրդարանի՞ց, թե՞ ԲՀԿ-ն անցնում է գրոհի» և «ԱԺ-ն սկսում է հետաքրքիր դառնալ»), «Հրապարակը» («ՀՀԿ-ԲՀԿ ղեկավարները վիճե՞լ են» և «ՀՀԿ-ն դարձել է մանր խմբակցությունների պատանդը»):
ԱՎԾ երեկ հրապարակած ՀՀ 2011թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշները «Ժամանակը» որակել է «Ժողովրդագրական անկումից ավելի վտանգավոր»: Թեմային անդրադարձել է նաև «Օրակարգը»` «Երկիր միայն էլիտայի համար»: