հինգշաբթի, 9 փետրվարի 2012
Աժ-կառավարություն հարցուպատասխանի արձագանքները
«Հայաստանի Հանրապետությունը» տեղեկացրել է, որ «ԱԺ-կառավարություն հերթական հարց ու պատասխանից հետո», պատասխանելով լրագրողներին հուզող բազմաբնույթ հարցերին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնավորապես շեշտել է, որ առաջիկա ընտրություններում հաջողության ակնկալիքները և «ՀՀԿ-ի վստահությունը գալիս են ժողովրդից», քանի որ «Հանրապետական կուսակցությունը… մշտապես խոսել է խնդիրների մասին», ոչինչ չի թաքցրել և «բացահայտել է դրանք» լրատվամիջոցների «խիստ հսկողության ներքո»: Վարչապետի գնահատականներին արձագանքել են նաև «168 ժամը» («ՀՀԿ ցուցակում գործարարներ չե՞ն լինելու» և «Պուտինիադա»), «Ազգը» («Հանրապետականի ցուցակում գործարարներ չեն լինելու»), «Ժամանակը» («Եվ դո՞ւ, Բրուտոս») և «Հայացքը», ըստ որի երեկվա «հազար ու մի հարցուպատասխանը» տեղի է ունեցել ոչ թե ԱԺ-ում, այլ «կառավարության նիստից հետո»:
«Առավոտին» առավելապես հետաքրքրել է «կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի քվեարկության և «ԲՀԿ պնդումների» վերաբերյալ վարչապետի գնահատականները` «Խնդիրը կքննարկենք քաղաքական դաշտում»: «Երկիրը» թեմային անդրադարձել է «Վարչապետը ԲՀԿ-ին «սուտ» հանեց» հրապարակմամբ: «168 ժամը» հարցրել է, թե «Պե՞տք էր ԲՀԿ-ին իրադրության սրումն այս պահին», նաև գրել, թե «ԲՀԿ-ի… դեմարշը» ազդարարել է «նախընտրական պայքարում նոր փուլի սկիզբը»: «Ազգը»` նկատել է, որ «Երբ գործը հասնում է փողին, կոալիցիոն գործընկերությունը հետին պլան է մղվում»: Ըստ «Ժողովուրդի» կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը երեկ «հակասահմանադրական որակումն» է ստացել «նույն ՀՀԿ-ի կողմից», քանի որ, թերթի փոխանցմամբ, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նշել է, թե «ԶՈՒ մասին դրույթը հանելու դեպքում միայն նախագիծը կարող է համարվել ընդունելի»: «Հայոց աշխարհը» անդրադարձել Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի երեկվա ասուլիսին («Որոնք են քաղաքաշինության գերակա ուղղությունները»): «Օրակարգի» փոխանցմամբ «նոր ատոմակայանի նախագիծը գրվում է սառույցին», քանի որ, ըստ թերթի, նոր միջուկային էներգաբլոկի կառուցման շուրջ հայտարարությունները հուշում են, թե «Մեծամորի գործող ատոմակայանն այդպես էլ այլընտրանք չի ունենա»: Մի այլ հրապարակման մեջ թերթը կարծիք է հայտնել, թե թեև հանքարդյունաբերության և հիմնական մետաղների արտադրության ոլորտի տեսակարար կշիռը «նվազել է», այդուհանդերձ «տնտեսության կախումը հանքարդյունաբերությունից մեծացել է» («Թուլություն մետաղի նկատմամբ»):