շաբաթ, 11 փետրվարի 2012
Հրապարակումների արժեքը
«Հայաստանի Հանրապետության» տեղեկացմամբ երեկ հրավիրված ասուլիսում Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է ոլորտի 2012թ. գերակա ուղղությունները, անդրադարձել «գյուղատնտեսությունում տնտեսվարողների համար բարենպաստ պայմանների ստեղծման» ուղղությամբ ընթացող աշխատանքներին, նաև նշել, որ մասնավորապես հողօգտագործողներին որոշակի սուբսիդավորմամբ մատչելի գնով ազոտական պարարտանյութի «տեղափոխման ծախսերը կհոգա պետությունը» և գյուղացին «կվճարի միայն ապրանքի գինը»: Ասուլիսին անդրադարձել են նաև «Հայոց աշխարհը» («Գյուղատնտեսությունը փորձում է շտկել մեջքը»), «Հրապարակը» («Բայց մենք խի՞ ենք վատ ապրում, Սերգո ջան»), «Հայկական ժամանակը» («Մերն ուրիշ է»), «Հայացքը», («Նախարարի համար սովորակա՞ն են կոռուպցիայի վերաբերյալ ահազանգերը») և «Ազգը», որի ձևակերպմամբ «պետությունը սուբսիդավորում է շուկայական և գյուղացիներին մատակարարվող գների տարբերությունը», որը թույլ է տալիս «առկա հողատարածքներն օգտագործել և ցանքատարածքները ընդլայնել»: «168 ժամը», մատչելի գներով դիզելային վառելիք ձեռք բերելու համար պահուստային ֆոնդից կառավարության որոշմամբ գումարհատկացումը նկատի ունենալով, հարցրել է` «Փոխհատուցո՞ւմ են «Ֆլեշին»: «Հայացքը» լրագրողների հետ Հրանտ Բագրատյանի երեկվա հանդիպմանը արձագանքել է «Ներկրող օլիգարխները վերածվում են ֆինանսական օլիգարխների» հրապարակմամբ: «Հայոց աշխարհն» այդ հանդիպումը որակել է «Ժողովրդական կապիտալիստ» Բագրատյանի բենեֆիսը»: «Ժամանակին» և «168 ժամին» առավելապես հետաքրքրել են կառավարության գործունեության վերաբերյալ Հ.Բագրատյանի գնահատականները:
«Երկիրը» հարցրել և ինքն էլ փորձել է պատասխանել, թե «ինչպես է հարկվել խոշոր բիզնեսը», ամենահետաքրքրականը համարելով «առաջին 100 կազմակերպությունների «հարկային» վարքագիծը»: «Ժողովուրդի» տեղեկացմամբ «իրենց բացակա ընկերների փոխարեն» քվեարկող պատգամավորների վարքագիծը բուռն քննարկումների առարկա է դարձել խորհրդարանում, քանի որ «ԱԺ օրինագծերի քվեարկությունը… կեղծվել է» («Պատգամավորները պետք է կալանավորվեն»): «Առավոտում» ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը իր կարծիքով «հայաստանյան քաղաքական դաշտի դեֆորմացիան» պայմանավորել է նրանով, թե իբր «արդեն դժվար է տարբերակել` որտեղ է սկսվում և որտեղ ավարտվում պետական չինովնիկի բուն պարտականությունները, որտեղ է ՀՀԿ-ն ներկայանում որպես կուսակցություն»:
«Հրապարակը» շարունակել է իր հանգույն ամփոփել տնտեսական շաբաթը, մասնավորապես առանձնացնելով «կանխիկ գործարքների սահմանափակման նախագծի շուրջ» առաջացած բազմակարծությունը» («Տնտեսական շաբաթ կամ` խնդա՞նք, թե՞ լանք»): «Հայոց աշխարհը» գրել է, որ միայն բանկային համակարգի միջոցով անցած տարի արտերկրից Հայաստան է փոխանցվել ավելի քան 1.5 մլրդ դոլար: